ՀԱԿ-ի ակտիվիստ, 2011 թվականի օգոստոսին՝ ՀԱԿ-իշխանություն երկխոսության օրերին ձերբակալված քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանը միջնորդել է որպես վկա դատարան կանչել նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին: Ինչպես գիտենք, այս օրերին Վերաքննիչ դատարանում տեղի է ունենում ՀԱԿ-ի երիտասարդների գործով քննությունը: Ալիկ Սարգսյանն էլ հայտարարել է՝ իրեն ինչո՞ւ են վկա կանչում, նա ի՞նչ կապ ունի այս գործի հետ:
2011 թվականի օգոստոսին ոստիկանապետը Ալիկ Սարգսյանն էր, սակայն նա իրավացի է լիովին՝ նա ոչ մի կապ չունի այս ամենի հետ: Ալիկ Սարգսյանը ոստիկանապետի պաշտոնում ընդհանրապես ոչ մի բանի հետ կապ չի ունեցել, այդ թվում և՝ ոստիկանության հետ ընդհանրապես: Նա ընդամենը զբաղեցնում էր ոստիկանապետի պաշտոնը, որովհետև Սերժ Սարգսյանը 2008 թվականին զբաղեցնելով նախագահի պաշտոնը՝ չէր կարող թողնել նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին, սակայն չուներ բավարար իշխանություն՝ իր ուզած ոստիկանապետին նշանակելու: Արդյունքում, որպես փոխզիջում, ոստիկանապետի պաշտոնը դատարկ չթողեց Ալիկ Սարգսյանը, մինչև որ Սերժ Սարգսյանը կարողացավ իր համար ապահովել ոստիկանապետին փոխելու համար բավարար չափով ամուր իշխանական դիրքեր: Այնպես որ՝ Ալիկ Սարգսյանը իսկապես ոչ մի բանի հետ կապ չուներ, համակարգում նրան ոչ ոք ոչ մի բանի տեղ չէր դնում, ինչի վկայությունը չարենցավանցի երիտասարդի սպանությունն էր ոստիկանական բաժանմունքում, որից հետո Սարգսյանը հայտարարեց, որ իրեն զեկուցել են՝ ոչ մի բռնություն երիտասարդի հանդեպ չի եղել: Իրականում մի քանի օր հետո պարզվեց, որ եղել է, ու պարզվեց, որ Ալիկ Սարգսյանը ոչ մի բանից տեղյակ չէ, որովհետև իսկապես՝ նա ոչ մի բանի հետ կապ չունի:
Սակայն սա չի նշանակում, որ նա որպես վկա չպետք է ներկայանա դատարան: Որովհետև եթե ոչ մի բանի հետ կապ չուներ, ապա պետք է հենց սկզբից էլ հայտարարեր այդ մասին, մինչդեռ Ալիկ Սարգսյանը միջադեպի օրերին հայտարարում էր, որ հանդիպել է մասնակիցների, պատասխանատուների հետ: Եթե ոչ մի բանի հետ նա կապ չուներ, ապա հանդիպում էր, որ ի՞նչ աներ: Թող հենց այդ մասին էլ պատմի դատարանում:
Ալիկ Սարգսյանն ընդհանրապես հանդիսանում է Հայաստանում շատ տարածված մի հետաքրքրական երևույթի խորհրդանիշներից մեկը: Բարձրաստիճան պաշտոնյաները թողնում են իրենց պաշտոնները և դառնում կա՛մ ընդդիմադիր քաղաքական գործիչ, կա՛մ փորձում շառը քաշած մի կողմի վրա վայելել կուտակածը՝ չփորձելով ոչ մի աղմուկի մեջ խառնվել: Ալիկ Սարգսյանը այս երկրորդ երևույթի կարկառուն ներկայացուցիչներից է, որոնք կյանքում պաշտոնից հետո ունենում են մի խնդիր՝ չաղմկել, չհայտնվել ոչ մի պատմության մեջ, ոչ մի հարցի վերաբերյալ հասարակական դիրքերում չհայտնվել ու չընկնել շառի մեջ, մարսել պաշտոնի ընթացքում կուտակածը:
Մինչդեռ քաղաքակիրթ աշխարհում պաշտոնյաները հասարակության առաջ իրենց պաշտոնավարման տարիների համար պատասխանատու են ոչ միայն պաշտոն զբաղեցնելիս, այլ նաև դրանից հետո: Պաշտոնից ազատումը նրանք թող չշփոթեն ինդուլգենցիայի, մեղքերի թողության հետ ու այսպիսով իրենց համարեն ազատ քաղաքացի: Պաշտոնից ազատումը չի նշանակում պատասխանատվությունից ազատում այն անցուդարձի համար, որ եղել է պաշտոնավարման տարիներին՝ անգամ եթե անկապ ես պաշտոնավարել: Եթե առաջնային պատասխանատվությունը որևէ երևույթի համար մշտապես գործող իշխանություններինն է, ապա սա դույզն-իսկ չի նվազեցնում պատասխանատվությունը պաշտոնաթող պաշտոնյաների համար:
Սրանք երկու զուգահեռ իրողություններ են, որ մեկը մյուսին լրացնում են, ոչ թե փոխարինում: Ալիկ Սարգսյանի վկայությունը կարևոր է նաև այս տեսանկյունից՝ որպես երևույթ, որ նախկին պաշտոնյաները չպետք է պաշտոնը թողնելուց հետո անձեռնմխելի կարգավիճակում հայտնվեն ու մոռացվեն: Նրանք միշտ պետք է պատրաստ լինեն ոչ միայն երկու, այլև թեկուզ տասներկու, քսաներկու, երեսուներկու կամ թեկուզ 102 տարի հետո պատասխան տալուն:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի











































