Հայաստանում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկին այսօր հյուրընկալվել էր Երևանում ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնում:
Նա լրագրողներին պատմեց Լեհաստանի անցած ճանապարհը ՆԱՏՕ-ին անդամակցելիս` կարևորելով այն հանգամանքը, որ Լեհաստանը փոքր-ինչ նմանություն ունի Հայաստանին:
«1991 թ. հնարավոր չէր կանխատեսել, թե ինչ ճակատագիր կունենա փլուզված Խորհրդային միությունը և վերամիավորվող Եվրոպան: 1991-99 թթ. Լեհաստանը փորձում էր մտնել ՆԱՏՕ, և 1999 թ. մարտի 12-ին Լեհաստանը, Չեխիան և Հունգարիան ընդգրկվեցին ՆԱՏՕ-ում: Կցանկանայի կարևորել այս ընթացքը, և Հայաստանը նույնպես պետք է հաշվի առնի այն, որ թեև աշխարհագրությունը հնարավոր չէ փոխել, բայց աշխարհաքաղաքականությունը հնարավոր է փոխել»,- նկատեց ՀՀ-ում Լեհաստանի դեսպանը:
Այնուհետև Լեհաստանի դեսպանը ներկայացրեց այն ձեռքբերումները, որոնք իր երկիրը արձանագրել է ՆԱՏՕ-ին անդամակացության տարիներից ի վեր: Զդիսլավ Ռաչինսկին նախ մատնանշեց անվտանգության ավելացումը և դրա նկատմամբ վստահության ամրապնդումը, ապա նշեց, թե ինչ քայլեր են ձենարկել, որպեսզի անդամակցնեն այդ կառույցին. «Այդ ութ տարիների ընթացքում կազմավորվեց ստաբիլ դեմոկրատական պետական կառուցվածք, քաղաքական վերահսկողություն սահմանում բանակի նկատմամբ, բանակի արմատապես փոփոխությունը` պրոֆեսիոնալ մասնագետների, զինվորականների ներգրավմամբ»: