Մամուլում տեղեկություններ են հրապարակվել, որ հայ օլիգարխների շրջանում մոդայիկ է դառնում արտասահմանցի տնային տնտեսուհիների ներմուծումն, այսպես ասած՝ տան «աշխատակազմ»: Այդպես ապահով է, գաղտնիքները մամուլին հայտնող չի լինի, հատկապես, եթե էկզոտիկ երկրներից լինեն «ներմուծումները»:
Հրապարակումների մեջ նշվել է ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի անունը, ով արտասահմանից ֆիննուհիներ է բերել իր տանն աշխատելու համար: Ֆիլիպինուհիներ պետք են Հայաստանի պետական եկամուտների համակարգին՝ հարկային ու մաքսային տեսուչների տեղում: Նախ` փոքր ու միջին բիզնեսին գոնե մի փոքր հաճելի կլինի Հայաստանի հարկային վարչարարության պայմաններում շփվել հարկային տեսուչների հետ: Սրանից զատ, Ֆիլիպինուհիները, որպես օրինապահ և բարձր կենսակերպով հասարակության ներկայացուցիչներ, չեն զբաղվի հարկային ռեկետով, չեն զբաղվի բիզնեսով, պաշտոնական դիրքերը չեն չարաշահի անձնական բիզնեսների համար: Նրանց ներկայությունը հարկային ու մաքսային համակարգում կդառնա Հայաստանի վերածննդի կարևոր ատրիբուտներից մեկը:
Պատահական չէ, որ Գագիկ Խաչատրյանն ու օլիգարխներն արտասահմանից նրանց բերում են ընդամենը տնային սպասավորության համար: Հակառակ պարագայում, Հայաստանի վերածնունդը կհանդիսանա այդ մարդկանց մայրամուտը, քանի որ նրանք հարստացել են Հայաստանի մայրամուտի հաշվին: Եթե լուրջ, ապա հեռուն գնալու կարիք, իհարկե, չկա:
Հայաստանում կան հազարավոր ազնիվ մարդիկ՝ թե՛ երիտասարդ, թե՛ միջահասակ, որոնք կարող են աշխատել առանցքային համակարգերում և կարճ ժամանակ անց ուղղակի կերպարանափոխել երկիրը: Սակայն նման պայմաններում Գագիկ Խաչատրյանը, նրա օլիգարխ պաշտոնյա վերադասներն ու ստորադասները և մյուս բախտակիցները կզրկվեն ոչ միայն արտասահմանից սպասուհի բերելու հնարավորություններից, այլև ընդհանրապես տներից, դղյակներից ու շեյխական ունեցվածքից: Նրանք միգուցե իրենք կարիք կունենան մի քանի տարի հետո սպասավոր աշխատել այս կամ այն շնորհալի գործարարի օբյեկտում՝ օրվա հացի, ապրուստի խնդիրը հոգալու համար, եթե, իհարկե, մինչ այդ չհայտնվեն ճաղերի հետևում՝ մի ամբողջ հասարակության աղքատության և նվաստացման, անարժանապատիվ կյանքի շեմին հասցնելու և արտագաղթի տեսքով պարզապես գաղթ կազմակերպելու, հայրենազրկելու համար:
Բնականաբար, նրանք շահագրգռված չեն լինի իրենց համակարգերում ազնիվ մարդկանց ի հայտ գալով, որակ կազմելով: Նրանց մի քանի ազնիվներն ընդամենը պետք են դիմակի համար, իսկ ընդհանրապես անհրաժեշտ են մարդիկ, որոնք հարմարվող են, որոնց համար արժեքը միայն փողն է, սկզբունքը՝ կյանքի հաճույքներից հնարավորինս շատ օգտվելը: Պահանջված է այն տեսակը, որը չունի ապագայի տեսլականներ, երազանքներ, իդեալներ, որի համար իրավունքն արժեք չէ, այլ՝ ապրանք, իսկ ազատությունն աշխարհայացք չէ, այլ՝ ժամանց: Իսկ հաճախ այդ ամենը փաթեթավորվում է, որոշ առանձին դեպքերում, ազգային-ազատագրական գլամուրով:
Հայաստանի «պետական կառավարման համակարգ» կոչվածը համալրվում է այս տեսակով, որն էլ ապահովում է արտասահմանցի սպասավորների կայուն աշխատատեղերը դրախտային Հայաստանում: Համակարգի առաջնորդներին այլ տեսակ պետք չէ, այլ տեսակն ինքը փողի «ղադրը» չգիտի, ու թույլ էլ չի տա, որ իրենք իմանան:








































