Սեպտեմբերի 15-ին Արմավիրի մարզի Տարոնիկ համայնքում նշանակվել է գյուղապետի արտահերթ ընտրություն:
Ինչպես «Փաստինֆո»-ն տեղեկացել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովից, ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցն արդեն իսկ հաստատված է:
Ըստ այդմ, գյուղապետերի թեկնածուների առաջադրումը կսկվի օգոստոսի 21-ին և կտևի մինչև օգոստոսի 25-ի ժամը 18-ը:
Թեկնածուների գրանցումը կկատարվի օգոստոսի 25-ից 27-ն ընկած ժամանակահատվածում:
Կառավարությունը հուլիսի 25-ի որոշմամբ վաղաժամկետ դադարեցրել էր Տարոնիկի գյուղապետ Ալբերտ Խաչատրյանի լիազորությունները՝ պայմանավորված նրա հրաժարականով: Ինչպես ավելի վաղ «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան հայտնել էր նախկին գյուղապետ Ալբերտ Խաչատրյանը, ինքը հրաժարական տված մի շարք գյուղապետերի նման Հայաստանից հեռանալու մտադրություն չունի. «Ուղղակի չեմ ուզում աշխատել, հոգնել եմ, ծերացել եմ»:
Ալբերտ Խաչատրյանը Տարոնիկի գյուղապետի պաշտոնում վերընտրվել էր 2011 թ-ին: Նա ՀՀԿ անդամ է:
Կառավարության նույն օրվա որոշմամբ՝ Տարոնիկի ղեկավարի արտահերթ ընտրության նախապատրաստման և անցկացման համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովին կհատկացվի 794 հազար 18 դրամ, իսկ ՀՀ ոստիկանությանը՝ 6 հազար 318 դրամ։










































