Մինչև կառավարության նիստը սկսելը՝ կառավարության շենքի մոտ էր եկել 75-ամյա Պայծառ Մխիթարյանը, ով 30 տարի է՝ ապրում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի հողամասում: Այս տարի անձրևներից նրա քոլիկը քանդվել է, հիմա ապրում է տոպրակների տակ: Խնդրում է «կամիսիա» ուղարկեն՝ տեսնելու, թե ինչպես է ինքն ապրում:
«Քանի թաղապետ փոխեցինք, բայց ոչ մեկը չօգնեց»,- ասաց Պայծառ տատը, ում դեմքին երբեմնի պայծառությունից ոչինչ չի մնացել:
«24 հազար դրամ թոշակ եմ ստանում: Քանի որ այս տարի անձրևները շատ էին, քոլիկը քանդվեց»,- արցունքների միջից ասաց Պայծառ տատը՝ հուսալով, որ իրեն հիմա կլսեն, իր խնդրանքն է՝ թեկուզ հին, բայց մի ժամանակավոր «դոմիկ» տան, քանի որ տեղ չունի մնալու: Հիմա փոքրիկ հողամասն է մշակում, գիշերները քնում տոպրակների տակ:
Նա նշեց, որ նոր թաղապետն էր ոչնչով չի օգնել, մեկ անգամ 5 հազար դրամ են տվել, մեկ անգամ էլ՝ 10.000. «Այս գումարը պահել եմ ու հիմա չգիտեմ՝ ցեմենտ, թե ավազ գնեմ»,- արցունքների միջից ասաց Պայծառ տատը:
Նրա խնդրանքը մի «դոմիկ» է, այն էլ՝ ժամանակավոր. «Մի դոմիկ եմ խնդրում, ժամանակավոր, մինչև մեռնեմ…»:







































