«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Վրաստանի դիվանագիտական ակադեմիայի ռեկտոր, վրաստանցի քաղաքագետ Սոսո Ցինցաձեն:
– Պարոն Ցինցաձե, այս օրերին լրանում է ռուս-վրացական պատերազմի 5 տարին: Մինչ օրս շարունակվում են բանավեճերը պատերազմի իրական մեղավորների և պատճառների շուրջ: Հետահայաց կարո՞ղ եք ամփոփել՝ ի՞նչ շահեց և կորցրեց Ռուսաստանն այդ պատերազմով մեր տարածաշրջանում:
– Ռուսաստանն ապացուցեց, թե Կովկասում ով է տանտերը: Ռուս-վրացական պատերազմով ՌԴ-ն դաս տվեց ոչ միայն Վրաստանին, այլև հետխորհրդային մյուս բոլոր երկրներին՝ ակնարկելով, որ եթե ինչ-որ բան այն չէ, ապա ինքը ոչնչի առջև կանգ չի առնի: Բարոյահոգեբանական տեսանկյունից ՌԴ-ն հաստատվեց տարածաշրջանում, բայց սա ունի շատ բացասական հետևանքների մի լայն սպեկտոր: ՌԴ պատմության ընթացքում միշտ այսպես է եղել, երբ ՌԴ-ն զենքի ուժով ինչ-որ բանի հասել է, ապա առաջացել են դիվանագիտական բնույթի դժվարություններ, բարդություններ` միջազգային ասպարեզում, դժվարություններ` ՌԴ հեղինակության հարցում: Ամփոփելով` ասեմ, որ շահն այն էր, որ դաս տվեց բոլոր երկրներին և կորուստն այն է, որ ՌԴ-ն ներկայումս միջազգային ասպարեզում չի կարողանում վերականգնել իր հեղինակությունը. դա մեծ մինուս է:
– Տեսակետներ կային, որ Ռուսաստանը ձգտում է գրեթե միանձնյա կառավարել ողջ Կովկասը:
– Ամեն դեպքում ես կարծում եմ, որ ՌԴ-ն ավելի քիչ է կառավարում կամ ավելի քչին է ունակ, քան օգոստոսյան պատերազմից առաջ: Այդ պատերազմից հետո մյուս բոլոր երկրները սկսեցին զգուշանալ ՌԴ-ից: Եթե մենք այսօր վերլուծության ենթարկենք Մոսկվայի և Բաքվի ներկայիս հարաբերությունները, ապա ստիպված պետք է ֆիքսենք, որ այսօր այդ հարաբերություններն արմատապես այլ բևեռում են: Հիշենք 2006-ը, 2007-ը, Բաքվում բացվում էին ռուսական ինստիտուտ, ռուսական համայնք և նման այլ բաներ, բայց պատերազմից հետո եկավ սառեցման փուլը: Իհարկե, մենք չունենք նման պաշտոնական փաստաթղթեր, որոնք կապացուցեին, որ պատճառը պատերազմն է, բայց պատերազմը նպաստեց դրան: Հայաստանյան քաղաքականությունում ևս ինչ-որ բան փոխվեց: Հիմա դժվար նկատելի է, բայց ամեն դեպքում երևում է միտում դեպի Արևմուտք: Ուստի այդ պատերազմը շրջվեց ՌԴ-ի դեմ, իսկ Վրաստանին ՌԴ-ն ընդհանրապես կորցրել է, որպես դաշնակից, որպես բարի հարևան: Իհարկե, Վրաստանը տուժեց` և՛ տնտեսապես, և՛ դեմոգրաֆիապես, բայց ՌԴ-ն էլ ոչինչ չշահեց, ՌԴ-ն շահեց հսկայական «սև փոս»՝ Օսեթիայի բյուջեի տեսքով:
– Հայաստանում ևս տեսակետներ կան, որ այդ պատերազմը պատճառ հանդիսացավ, որ Հայաստանը զսպի իր միակողմանի ռուսամետ քաղաքականությունը՝ սկսելով հավասարակշռել հարաբերությունները Արևմուտքի և Ռուսաստանի հետ:
– Թբիլիսիից հնարավոր է նկատել միայն այն, որ պաշտոնական Երևանը չի ձգտում մեկ զամբյուղի մեջ տանել բոլոր ձվերը, ցանկանում է բաժանել հավասարապես, ինչը Մոսկվային դուր չի գալիս:
– Պարոն Ցինցաձե, պնդում կա նաև, որ Վրաստանը հանդիսանում էր Ռուսաստանի և Հայաստանի միջև կապող օղակ, և պատերազմից հետո այդ կապը կտրվեց, և այս ամենը կարող է հասնել նրան, որ Ռուսաստանը վերջնականապես կորցնի Հայաստանը:
– Այսպիսի զարգացում կարող է լինել միայն այն բանից հետո, երբ Հայաստանի ու Ադրբեջանի միջև բոլոր վիճահարույց հարցերը կարգավորվեն և լուծվեն: Սրանից հետո որևէ խթան Հայաստանում չի մնա:
– Ռուս-վրացական հարաբերություններն այսօր շա՞տ հեռու են կարգավորման փուլ մտնելուց:
– ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, վարչապետ Մեդվեդևի վերջին հայտարարություններն առ այն, որ ձգտում են վերականգնել Վրաստանի հետ փոխհարաբերությունները, որի համար անհրաժեշտ է, որ Վրաստանն իր մեղքն ընդունի, այդքան էլ էական չեն։ Էականն այն է, որ բանակցային գործընթացն է ՌԴ-ն փորձում ակտիվացնել: Զգուշանում է, զգուշանում, քանի որ Վրաստանում այսօր շատ բան էլ դեռ պարզ չէ՝ Վրաստանին սպասվում են ընտրություններ, ՌԴ-ին՝ Օլիմպիադա: Սրանցից հետո, երբ կրքերը հանդարտվեն, կարելի է համարել, որ ականատեսը կդառնանք ռուս-վրացական հարաբերությունների բեկման: Իլյա 2-ի այցը Մոսկվա հուսադրում է: Զգուշավոր հույսը բնորոշ է և՛ վրաց ժողովրդին, և՛ վրացական դիվանագիտությանը: Այսօր և՛ Ռուսաստանը, և՛ Վրաստանը զբաղված են իրենց ներքին խնդիրներով, որովհետև, ինչպես հնարավոր է դատել ներկայումս, ամեն ինչ չէ, որ պատրաստ է օլիմպիադային։ Նախապատրաստական աշխատանքները ժամանակացույցի համաձայն չեն գնում, իսկ Վրաստանի վարչապետի հայտարարությունը չի նպաստում ժողովրդի շրջանում կայունությանը: Այնպես որ հիմա դիվանագիտական ակտիվ փուլ չէ: Պետք է դեռևս տեսնենք, թե ինչպես Մոսկվան կնշի պատերազմի հնգամյակը:









































