Նախատեսվում է ՀՀ քաղաքացիների աշխատավարձերից գանձել ամսական 1000-ական դրամ և ուղղել հատուկ հիմնադրամին, որից հատուցումներ կտրվեն մարտական գործողությունների ընթացքում և մարտական հերթապահության ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքներին կամ հաշմանդամություն ստացած զինծառայողներին:
Օրերս կառավարության նիստում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով. «2016-ի ապրիլի դեպքերը ցույց են տվել, որ միայն բյուջեի միջոցներից փոխհատուցում վճարելն անհնար է: Այդ պատճառով հավելյալ ֆինանսական միջոցներ կհատկացվեն հատուկ ֆոնդից, յուրաքանչյուր աշխատող քաղաքացի հունվարի 1-ից ֆոնդին ամսական հազար դրամ պետք է վճարի»:
Լրագրողների հետ զրույցում ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը նշեց, որ դեմ է յուրաքանչյուր աշխատողից 1000 դրամ պահելու պարտադիր որոշմանը: «Մինչև այս պահն էլ մեր ժողովուրդն է մեր բանակին պահել: 70 հազար դրամ աշխատավարձ ստացողի համար դա 1.5% հարկի բարձրացում է»,- նշեց պատգամավորը:
Խ. Քոքոբելյանի խոսքով, իհարկե կան սոցիալական լուրջ խնդիրներ, և ցավոք պետք է արձանագրել, որ մինչև այս պահը մեր պետությունը չի լուծել այդ հարցը: Քոքոբելյանը նշեց, որ ինքն այն կարծիքին չէ, թե սոցիալակն խնդիրները չի կարող լուծել պետությունը, նրա դիտարկմամբ՝ գումարների ճիշտ տեղաբաշխվում չի արվել:
ԱԺ պատգամավորի կարծիքով՝ այս խնդրի լուծումը հրատապ է և պետք է լուծում տալ ժամ առաջ, և դա հնարավոր է լուծել հետևյալ մեթոդով. «Ոչ մի պաշտոնյա չի ժխտում, որ Հայաստանում ավելի քան 30-35 տոկոս ստվեր կա, խնդրեմ ամենամեծ աղբյուրից մեկն է»: Պատգամավորի հավաստմամբ՝ ստվերի վերացման դեպքում բյուջեն կարող է 1/3-ով ավելանալ և հնարավոր կլինի Հայաստանում կենսամակարդակը բարձրացնել:
Մանրամասները՝ տեսանյութում:








































