«Առաջին լրատվական»-ը ստացել է անանուն մի նամակ, որում նամակագիրը ներկայացնում է, թե ինչպես է Հայաստանում դատաբժիշկը կաշառվում ու կեղծում եզրակացությունը, որի պատճառով քրեական գործի հիմքերը թուլանում են ու վիժվածքների պատիժը ում հովանավորում է պատգամավոր բարեկամը մնում անպատիժ:
Ստորև ներկայացնում ենք Հայաստանի Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին ու Հատուկ Քննչական Ծառայության պետ Վ. Շահինյանին հասցեագրված նամակը.
«Հարգելի պարոն Հովսեփյան,
սույն թվականի հունիսի 15-ին ես հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության` Կենտրոն բաժին: Հաղորդման առիթ է հանդիսացել հունիսի 14-ի գիշերը Աշոտ Փիլոսյանի կողմից իմ նկատմամբ կատարված սեռական բռնությունը` բռնաբարության փորձը: Նշեմ, որ իմ կողմից հաղորդում տալուց հետո մոտ 3 օր անց տեղեկացա, որ իմ հաղորդման հիման վրա պատրաստվող նյութերը ուղարկել են ոստիկանության Էրեբունու բաժին: Հետաքննիչի կանչով բազմիցս այցելել եմ ոստիկանություն:
Ոստիկանությունում տրված ուղեգրով հունիսի 16-ին ես այցելել եմ դատական բժիշկին, հետագայում նաև այդ դատաբժիշկի ուղեգրով նաև տեղամասային հիվանդանոց`«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:
Նշեմ, որ նախ մեկ ամիս չէի կարողանում ստանալ դատաբժիշկի եզրակացությունը, այն ինձ են ներկայացրել ծանոթանալու համար միայն հուլիսի 12-ին: Կարդում էի այդ եզրակացությունը ու աչքերիս չէի հավատում: Դատաբժիշկ Արսեն Բաբայանի (ով աշխատում է «ՀՀ առողջապահության նախարարության դատաբժշկական գիտագործնական կենտրոն»-ում) կողմից գրված եզրակացության մեծ և էական մասը չի համապատասխանում իրականությանը. այն շինծու է և իրականությունը աղավաղող: Զայրույթիս պատճառները մի քանիսն էին դատաբժիշկի մասով, մասնավորապես.
1. Կաշառված բժիշկի թեթև ձեռքով անհետացել է ու եզրակացության մեջ որևէ տեղ չէր հիշատակվել դեմքիս կապտուկի մասին` մասնավորապես քթիս խոշոր կապտուկը, որը, ինչպես նշել էի սկզբնական հաղորդմանս մեջ, Աշոտ Փիլոսյանի կողմից դեմքիս հարվածելու արդյունք էր, որը տեսել են ինչպես Ոստիկանության Կենտրոնի բաժնում ինձանից հաղորդում վերցրած աշխատակիցները (նրանց ազգանունները թեև չեմ հիշում, բայց դեմքով կարող եմ ճանաչել), այնպես էլ տեղամասային հիվանդանոցում ինձ զննման ենթարկած նեյրովիրաբուժության բաժանմունքի վարիչ Ռուդոլֆ Վարոսյանը, ով իմ հետ բանավոր զրույցում հաստատում է քթիս կապտուկի առկայությունը (դա ֆիքսած է հեռախոսիս ձայնագրիչի մեջ), օտորինոլարինգոլոգ (ЛОР) բժիշկը, տվյալ բուժհաստատության այլ բժիշկները, որոնց ազգանունները թվարկված են բժշկական պատմագրիս մեջ: Այդ օրերին ինձ տեսել են նաև իմ ծանոթները:
2. Դատաբժշկի նշած` աջ ոտքիս սրունքամասում եղել են ոչ թե երկու այլ երեք կապտուկներ, որոնք ոտքիս նշված հատվածը բռնի ուժով սեղման արդյունք է` Աշոտ Փիլոսյանի մատների հետքերն են կապտուկների տեսքով:
3. Չի համապատասխանում իրականությանը նաև դատաբժիշկի կողմից վերարտադրված իբր ինձ ցիտած նախադասությունները, համաձայն որոնց.
.իբր Աշոտ Փիլոսյանը դադարեցրել է սեռական ակտ ունենալու ձգտումը այն բանից հետո երբ ես ասել եմ կույս եմ, մինչդեռ իրականությունը այլ է `լիարժեք ավարտին չի հասցրել, քանի որ տվյալ օրը գտնվում էի դաշտանային ցիկլի մեջ և իր անասնական ցանկություններին հագուրդ չի տվել լոկ այն պատճառով, որ կար դաշտանային արյունից կեղտոտվելու մտավախություն (նույնը նշել եմ նաև սկզբնական հաղորդմանս մեջ):
.իբր «մինետ» կոչված գործողւթյունը արել եմ հանցագործի օգնությամբ` այսինքն ինքնակամ, այլ ոչ բռնի կերպով ծեծելով ու ստիպելով (ինչպես արդեն նշել էի սկզբնական հաղորդմանս մեջ):
.իբր ես չեմ հիշում եղել է արդյոք մեր մեջ սեռական հարաբերություն, թե ոչ:
Քանի որ դատաբժիշկը քողարկել էր վերևում իմ կողմից արդեն նշված քթիս կապտուկի վերաբերյալ տեղեկությունը, հետևաբար անհրաժեշտություն էր առաջանում նաև շարունակել կեղծիքը և հմտորեն լղոզել իր իսկ ուղեգրով ինձ տեղամասային հիվանդանոց ռենտգեն բաժանմունք` քթի ռենտգեն հետազոտման ուղեգրելու փաստը, դրա համար հնարել է հեքիաթ պատմություն, թե իբր ես բողոք եմ հայտնել դժվարացած շնչառության վերաբերյալ դրա համար է ուղեգրել ռենտգեն և օտորինոլարինգոլոգի մոտ հետազոտման, մինչդեռ իրականությունը լրիվ այլ է – ուղեգրել է քանի որ տեղի էր ունեցել հարված քթիս ու դատաբժիշկի շոշափումից զգացվում էր ցավ, կասկած կար որ հնարավոր է կոտրված լինի, համոզվելու համար ուղեգրեց քթի ռենտգենի:
Ցանկանում եմ նաև նշել որ հետաքննիչ Եղիշ Եղյանը բաժնի պետ Մուշեղ Ալեքսանյանի գլխավորությամբ, շարունակելով վերոնշյալ խախտումների շարանը, արգելեցին ինձ եզրակացությանը ծանոթանալիս գրառումներ` պատճառաբանելով որ օրենքը թույլ չի տալիս ինձ դա անել, որ ես կարող եմ միայն վիզուալ ծանոթանալ բովանդակությանը: Հետագայում խորհրդակցելով իրավաբանների հետ` իմացա, թե ինչ խաբեություն է դա եղել: Խոսելով օրենքի պահանջների խախտումից նշեմ նաև, որ արդեն անցել է 40 օր իմ կողմից հանցագործության մասին ոստիկանություն հաղորդում ներկայացնելու պահից, բայց մինչ օրս ոչ քրեական գործ հարուցելու կամ այն մերժելու մասին և ոչ էլ ինձ տուժող ճանաչելու մասին որոշում չկա:
Հարգելի պարոն Հովսեփյան, խնդրում եմ միջոցներ ձեռնարկել վերոհիշյալ ապօրինությունները վերացնելու ուղղությամբ` մասնավորապես հանձնարարել քննություն իրականացնել իմ գործով դատաբժիշկի անօրինականությունների վերաբերյալ, նրան ենթարկել քրեական պատասխանատվության: Թող բոլոր մեղավորները պատասխան տան իրենց արարքների համար, կնոջ նսեմացումը և նրա իրավունքների խախտումը չպետք է մնա անպատիժ»:









































