«Խճճելու եմ, չեմ թողնելու, և դուք ձեր հայցը չեք հիմնավորելու, հետ եք վերցնելու»,- այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեց ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի ներկայացուցիչ Տիգրան Աթանեսյանը`դիմելով լրագրող Սիրանույշ Պապյանի պաշտպաններին:
Լրագրողը դիմել էր դատարան`պահանջելով, որպեսզի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հրապարակային ներողություն հայցի իրենից: Ապա ևս երկու պահանջ ավելացավ`ճանաչել մասնագիտական գործունեության ընթացքում խոսքի ազատության իրացումը խոչընդոտելու փաստը, ճանաչել սեռի հատկանիշներով գենդերային խտրականության փաստը:
Հիշեցնենք՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի բարձունքում, ի պատասխան լրագրողի հարց-դիտարկմանը, որ ոստիկանությունում ընթացող փոփոխությունները հասարակական շրջանակներում տեսանելի չեն, ոստիկանապետն ասել էր. «Ես էլ ձեր մեջ կին չեմ տեսնում»:
Դատական նիստը ձգձգվում է արդեն մի քանի ամիս: Այսօր, վերջապես կայացավ նախնական դատական նիստը: Լրագրողի շահերի ներկայացուցիչ Դավիթ Ասատրյանը ներկայացրեց հայցի հիմքերը: Ոստիկանապետի ներկայացուցիչը հայտարարեց, որ հայցը բացահայտ անհիմն է, դրա նպատակը PR-ն է և հայցվորին առաջարկեց`հետ վերցնել հայցն ու ավարտել այս ամենը: Դատարանը կողմերին առաջարկեց հաշտության համաձայնագրի շուրջ բանակցել:
Հաջորդ նիստը կկայանա 2017 թվականի փետրվարի 16-ին:
Մանրամասները՝ տեսանյութում:











































