Չինաստանի Առողջապահության և պլանային ծնելիության հանձնաժողովի մամլո քարտուղար Մաո Կունան հայտարարել է այն մասին, որ գերատեսչությունում քննարկում են ընտանիքների մեծ մասին երկու երեխա ունենալու հնարավորություն տալու հարցը:
Հիմա, համաձայն չինական օրենսդրության, երկու երեխա ունենալու հնարավորություն ունեն միայն այն ընտանիքները, որտեղ և՛ հայրը, և՛ մայրը միակ երեխաներն են: Կունան նշել է, որ Չինաստանը դեռ երկար ժամանակ պետք է ընտանիքիպլանավորման հստակ քաղաքականություն վարի:
Գերատեսչությունում չեն հաղորդել, թե կոնկրետ երբ է նախատեսվում իրականացնել բարեփոխումներ ընտանիքի պլանավորման ոլորտում:
Նշենք, որ «մեկ ընտանիք՝ մեկ երեխա» քաղաքականությունը Չինաստանում իրականացվում է 1970-ական թվականներից՝ բնակչության թվի վերահսկման նպատակով: Երկրում ողջունվում են ուշ ամուսնությունները, քաղաքներում արգելում են մեկից ավել երեխա ունենալ, իսկ գյուղական վայրերում թույլ է տրվում երկու երեխա ունենալ, եթե առաջինն աղջիկ է ծնվում: Այս կարգը խախտողները ստիպված են տուգանքներ վճարել: Օրենքը շրջանցելու միակ տարբերակն արտերկրում երեխա ունենալն է:










































