Գերմանիայի արդարադատության նախարար Սաբինե Լոյթհոյսեր-Շնարենբերգերը նպատակահարմար է համարում ԵՄ տարածքում օտարերկրյա հատուկ ծառայություններին, մասնավորապես Ազգային անվտանգության ամերիկյան գործակալությանը «տեղեկատվության փոխանցման միասնական չափորոշիչների» ներմուծումը: Այս մասին Welt թերթին հայտնել է կառավարության անդամը:
Նախարարի խոսքով՝ ԵՄ անդամ երկրները պետք է միջոցառումների փաթեթ մշակեն՝ կանխելու արտերկրից զանգվածային էլեկտրոնային լրտեսումը: Նա նշել է, որ ԵՄ գործընկերները կարող են անձնական տվյալների պաշտպանության համար որպես հիմք ընդունել գերմանական փորձը:
Նա հայտարարությունն արել է Der Spiegel շաբաթաթերթի տեղեկությունների ֆոնին, թե Գերմանիայի դաշնային հետախուզական ծառայությունը մեծ ծավալով տվյալներ է փոխանցում է ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությանը, որոնք հավաքվել են էլեկտրոնային գաղտնալսման ընթացքում:
Նա նշել է, որ եթե ամերիկացիներին անձնական տվյալների զանգվածային փոխանցման մասին տեղեկությունը հաստատվի, ապա կառաջանա շտապ գործողությունների անհրաժեշտություն:
Նշենք, որ Գերմանիայում գործող G-10-Gesetz օրենքով հատուկ ծառայությունները վերահսկում են Գերմանիայում և արտերկրում գտնվողների միջև հաղորդակցության 20 տոկոսը միայն:











































