Առաջին ատյանի, Վերաքննիչ դատարանի, հետագայում նաև Վճռաբեկ դատարանի որոշումներից չբավարարվելու դեպքում յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի դիմելու Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Սակայն Եվրոպական դատարանը թեկուզ և ընդդեմ Հայաստանի Հանրապետության, բայց երբեմն այնքան ուշացած է որոշումներ կայացնում, որ շատերը «բավարարվում են» Վճռաբեկ դատարանի որոշմամբ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Արնի Քնսալթ» փաստաբանական գրասենյակի փոխտնօրեն, իրավաբան Արա Ղազարյանը՝ հավելելով, որ երբ իրենց են դիմում քաղաքացիներ՝ ՄԻԵԴ բողոք պատրաստելու համար, և իմանում են, որ այն 5 տարուց ավելի կտևի, ետ են կանգնում իրենց որոշումից:
Նրա խոսքով՝ Հայաստանի քաղաքացիները հիմնականում դիմում են ՄԻԵԴ՝ արդար դատաքննության իրավունքի պահանջով, գտնում են որ դատավարության ընթացքում խախտվել են իրենց իրավունքները, և այն անաչառ չի ընթացել, իսկ նախկինում շատ էին նաև ոստիկանական բաժանմունքներում կատարվելիք անօրինական գործողությունների հայցերով դիմումները:
Պարոն Ղազարյանից հետաքրքրվեցինք, թե տարածաշրջանային երկրների համեմատ՝ ի՞նչ վիճակում է Հայաստանը ՄԻԵԴ դիմելու և ընդդեմ պետության որոշում կայացնելու առումով, ինչին ի պատասխան նա ասաց. «2012 թվականի դեկտեմբերի 31-ի տվյալներով, այսինքն՝ մոտավորապես կես տարի առաջ դատական ստորաբաժանման ընթացքի մեջ է դրվել Հայաստանից՝ 950, Ադրբեջանից՝ 1299, Վրաստանից՝ 2883 դիմում (Կոնվենցիային երկու տարի առաջ է միացել): Հայաստանի դեմ կայացվել է 48 վճիռ, 29 որոշում անընդունելիության մասին, Ադրբեջանի դեմ՝ 64, Վրաստանի դեմ՝ 125»:
Հարցին՝ տարեցտարի ավելանո՞ւմ թե՞ պակասում է ՄԻԵԴ դիմած քաղաքացիների թիվը, մեր զրուցակիցը պատասխանեց. «Իմ կարծիքով՝ գործերի քանակը նվազում է, որովհետև դրանք երկար են տևում, երկրորդ՝ իրավապաշտպանական մեխանիզմները զարգանում են, իսկ ընդհանրապես ասեմ՝ եթե տարածաշրջանային երկրի մակարդակով համեմատենք, ապա հաշվի առնելով բնակչության թիվը՝ գրեթե նույնն է»:
Ի դեպ, Արա Ղազարյանը նշեց, որ ՄԻԵԴ-ում կան նաև Եհովայի վկաներով գործեր. նրանց դեմ Հայաստանում հիմնականում գործ է հարուցվում ծառայությունից խուսափելու համար: Դրանք հիմնականում բավարարվում են, այսինքն՝ վճիռը կայացվում է ընդդեմ Հայաստանի Հանրապետության:
ՄԻԵԴ-ը այդ գործերով համարում է, որ Հայաստանում խախտվել է Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի 9-րդ հոդվածը, որը հռչակում է խղճի, մտքի և կրոնի ազատություն: Նման մարդիկ պետք է անցնեն այլընտրանքային զինծառայություն:
Նախորդ տարվա վերջին կառավարությունը ձեռնամուխ եղավ օրենքի փոփոխության միայն այն դեպքից հետո, երբ (նոյեմբերի 27-ին) Եհովայի 19 վկաների հայցը՝ «Խաչատրյանն ու մյուսները ընդդեմ Հայաստանի», Մարդու իրավունքների եվրոպական դատարանում բավարարվեց: Նրանցից յուրաքանչյուրին ՀՀ-ն պետք է վճարեր 6000-ական եվրո, ինչպես նաև 10.000 եվրո՝ ընդհանուր դատական ծախսերի համար: Այս գործով Հայաստանի բյուջեն կորցրեց 112.000 եվրո:
Բազմաթիվ իրավապաշտպանների կարծիքով՝ «Այլընտրանքային ծառայության մասին» օրենքը մեռած օրենք էր և մի շարք կետերով խախտում էր այլընտրանքային ծառայության վերաբերյալ ԵԱՀԿ-ի չափորոշիչները:







































