ԱՄՆ-ի կառավարությունը հայտարարել է Իրանին «բարի կամքով գործընկերություն» առաջարկելու իր պատրաստակամության մասին՝ Իրանի ընտրված նախագահ Հասան Ռուհանիի՝ իշխանության անցնելուց հետո: Այդ մասին հաղորդում է BBC-ն: Սպիտակ տունը կարծում է, որ Թեհրանի համար հարմար պահ է միջուկային ծրագրի վերաբերյալ կասկածները ցրելու և միջազգային պարտավորությունները կատարելու համար:
«Եթե Իրանի նոր կառավարությունը ցանկանում է լրջորեն մոտենալ խնդրին և այն լուծել խաղաղ կերպով, ապա կգտնի գործընկերոջ՝ հանձին ԱՄՆ-ի»,- հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեյ Քարնին:
Իր երդմնակալության ժամանակ ելույթ ունենալով՝ Ռուհանին կոչ է արել չեղյալ հայտարարել Իրանի դեմ միջազգային պատժամիջոցները և խոստացել է, որ միջազգային հարաբերությունների ոլորտում իր կառավարությունը ամեն ինչ կանի Իրանի ու այլ երկրների միջև փոխադարձ վստահությունը ամրապնդելու համար: Նա նաև նշել է, որ Թեհրանը հակամարտություն չի հրահրի ոչ մի երկրի հետ: Այնուամենայնիվ, միջուկային ծրագրի մասին չի հիշատակվել նոր նախագահի ելույթում:








































