«Շիրակ» – «Գանձասար» խաղից հետո հյուրերի գլխավոր մարզիչ Սևադա Արզումանյանը շատ բարձր տրամադրությամբ ներկայացավ մամլո ասուլիսի, որի ընթացքում հայտնեց իր կարծիքը:
-Նախ ուզում եմ շնորհավորել Հայաստանի ֆուտբոլային ընտանիքի բոլոր անդամներին առաջնության մեկնարկի համար, բոլոր 8 թիմերին հաջողություն եմ մաղթում, շնորհավորում եմ նաև երկրպագուներին, ու տա Աստված, որ գոլառատ ֆուտբոլ տեսնենք:
Ինչ վերաբերվում է բուն խաղին, հասկանում էինք, որ մրցակիցը երկրի չեմպիոնն է ու նույն հավակնություններն ունի այս տարի: Մեկնարկային խաղը շատ կարևոր էր, որը «Գանձասար»-ի համար վերջին տարիներին միշտ անհաջող էր ստացվում: Խնդիր կար` առաջին խաղը լավ անցկացնելու, որ կոտրեինք հին, վատ ավանդույթները: Խաղում էին դրսում, բայց տղաները կարգապահ գործեցին ու կարողացան շատ ուժեղ թիմի հաղթել:
-Չե՞ք կարծում, որ առաջին երկու գոլերի ժամանակ թիմի բախտը մի քիչ բերեց: Նախ հեռահար տունգանային հարվածից գոլ խփեցիք, հետո էլ օգտվեցիք խառնաշփոթ իրավիճակից:
-Դե, բոլորն էլ գիտեն, որ Արտակ Դաշյանը շատ լավ հարվածներ է կատարում տուգանայիններից: Անցած տարի էլ հենց «Շիրակ»-ի դեմ խաղում նա նմանատիպ հարված կատարեց, ուղղակի այն ժամանակ հիանալի գործեց Արթուր Հարությունյանը: Իսկ երկրորդ գոլի ժամանակ մենք ավելի արագ կողմնորոշվեցինք, քան մրցակիցը: Սուլիչ չկար, քանի որ մեր խաղացողը պասիվ խաղից դուրս վիճակում էր: Այնպես որ, չեմ կարծում, թե սա բախտի հարց էր:
Իհարկե, ֆուտբոլում բախտը մեծ դեր ունի, նույնիսկ կասեի, որ հաջողության կեսը բախտի հետ է կապված: Եթե նույն բախտն ուղեկցեր «Շիրակ»-ին, այսօր նրանք կլինեին Չեմպիոնների լիգայի երրորդ որակավորման փուլում:
-Թիմը այս ամառ համալրվեց բավականին տարեց ու փորձառու խաղացողներով: Չե՞ք կարծում, որ երիտասարդացման կարիք ունի թիմը:
Դե, մեր թիմի խաղացողները հիմնականում 26-28 տարեկան են ու բավականին բարձրակարգ խաղ են ցուցադրում: Իհարկե, մենք ունենք հետևից եկող երիտասարդ սերունդի խնդիրը, որի լուծումը հիմա Կապանում առաջնային հարց է:








































