Երեկ կայացան Իսպանիայի առաջնության վերջին` 38-րդ տուրի բոլոր հանդիպումները: Առաջին քառյակում ոչ մի փոփոխություն չէր կարող լինել. մինչ այս տուրն էլ հայտնի էր, որ «Բարսա»-ն առաջինն է, «Ռեալ»-ը` երկրորդը, «Վալենսիա»-ն` երրորդը, «Վիլյառեալ»-ը` չորրորդը:
Չնայած այս ամենին նրանցից երեքն իրենց հանդիպումներն ավարտեցին հաղթանակներով: Եթե «Մալագա»-«Բարսելոնա», «Ռեալ»-«Ալմերիա» խաղերը ոչ մի կերպ չէին կարող ազդել մրցաշարային աղյուսակի վրա, ապա «Վալենսիա»-ն «Դեպորտիվո»-ին հաղթելու դեպքում վերջինիս զրկում էր հաջորդ մրցաշրջանում բարձրագույն խմբում հանդես գալու իրավունքից:
Այդպես էլ եղավ. «Չղջիկներ»-ն իրենց համար ընդհանրապես կարևորություն չունեցող խաղում մրցակցի հարկի տակ երկու անպատասխան գոլ խփեցին «Դեպորտիվո»-ի դարպասը` վերջինիս ուղարկելով սեկունդա: Այսպիսով, «Դեպորտիվո»-ն միացավ «Ալմերիա»-ին ու «Հերկուլես»-ին, որոնք վաղուց էին դուրս մնացել բարձրագույն խմբից:
Եվրոպայի լիգայի երկու ուղգրերի համար պայքարող երեք թիմերն էլ հաղթանակներ տարան: Սակայն լրացուցիչ ցուցանիշների շնորհիվ, 58 միավոր վաստակած «Ատլետիկո Մադրիդ»-ը զիջեց նույնքան միավոր վաստակած «Սևիլիա»-ին ու «Ատլետիկ Բիլբաո»-ին:
Անդրադառնալով «Բարսելոնա»-ի ու «Ռեալ»-ի խաղերին` նշենք, որ կատալոնացիները երկրորդ կազմով 1:3 հաշվով հաղթեցին «Մալագա»-ին, իսկ մադրիդցիները 8:1 հաշվով ջախջախեցին «Ալմերիա»-ին: Կրիշտիանու Ռոնալդուն դարձավ դուբլի հեղինակ և մեկ մրցաշրջանի ընթացքում բոլոր մրցաշարերում խփած գոլերի քանակով 1 գնդակով շրջանցեց Լիոնել Մեսսիին: Սակայն վերջին խոսքն արգենտինացունն է. եթե սա Ռոնալդուի վերջին հնարավորությունն էր, ապա Լեոն դեռ կարող է բարելավել իր գոլերի քանակը` Չեմպիոնների լիգայի եզրափակիչում:







































