Մոտ երեք տասնյակ հայաստանցի և արտերկրի հայտնի հայեր, գործարարության, իրավաբանության, հասարակական-քաղաքական գործունեության տարբեր այլ ասպարեզներում հաջողության հասած մարդիկ երեկ համատեղ հայտարարություն-կոչով են հանդես եկել «Նյու Յորք Թայմս» պարբերականում, Հայ բարեգործական ընդհանուր միության 110-րդ տարեդարձի առիթով: Նրանց համատեղ կոչը վերաբերում է գլոբալ հայությանը և հենց այդ կարգախոսն էլ կրում` «Գլոբալ հայերի ապագան այսօր է»: Կոչի հեղինակները ասում են, որ ներկայումս հայությունը պատմական հնարավորություն ունի միավորվելու և Հայաստանի ապագան համատեղ կերտելու:
Այս հայտարարությունը միանգամայն ողջունելի կոչ է, որ հնչում է կարևոր ժամանակահատվածում, երբ Հայաստանն ու հայությունը իսկապես կանգնած են պատմական ճամփաբաժանի առաջ, որտեղ մարտահրավերներն ու սպառնալիքները կողք կողքի քայլում են հնարավորությունների և հեռանկարների հետ: Հայաստանը պետք է ընտրի, հայությունը պետք է ընտրի, սակայն քիչ է ընտրելը, քանի որ ինքնին որպես ընտրություն այստեղ հարց էլ չկա` իհարկե ընտրությունը հնարավորություններն ու հեռանկարներն են: Սակայն մի բան է ընտրելը և մեկ այլ բան այդ ընտրությունը իրականացնելը, կյանքի կոչելը: Եվ այստեղ սկսվում է ամենաբարդը` գործի շուրջ համախմբումը, հստակ նպատակների և անելիքների սահմանում, և ի վերջո` գաղափարի ձևակերպումը: Առայժմ ձևակերպված են ցանկությունները, չկա գաղափարը, չկա հստակ նպատակները, շոշափելի, չափելի հեռանկարները: Առայժմ այս առումով շատ ավելի հստակ են այն արատները, որոնք կան Հայաստանում, որոնք նաև իրենց յուրօրինակ հետևանքներն ու մետաստազներն են թողնում Սփյուռքում, ազդելով համահայկական, իսկապես կարևոր ներուժի արդյունավետության վրա: Դրան ավելանում են նաև ազգային խառնվածքից, ազգային ճակատագրից և պատմությունից եկող բարդույթները:
Այդ ամենը դեռևս առավել ուժեղ են արտահայտվող ցանկություններից: Մինչ արտահայտվում են այդ ցանկությունները, ողջունելի, ոգևորիչ ցանկությունները, մենք բոլորս տեսնում ենք, որ Հայաստանում շարունակվում են կոնկրետ իրականացվել բոլորիս հիասթափեցնող ցանկություններ` հուսահատեցնող ցանկություններ, որոնք կապված են մի քանի մարդկանց անսահմանափակ իշխանության, անսահմանափակ հարստության հետ, որը գոյանում է ոչ թե աշխատանքի, այլ գողության, հանրային ռեսուրսների հարստահարման ու մսխման հետ: Եվ ուրեմն, ինչն է լինելու այս իրականությունից ուժեղ, երբ մի կողմում արտահայտվող հիանալի, ողջունելի, կարևոր հայտարարություններն են, իսկ մյուս կողմում ավելի մեծ ծավալներով իրականացված, իրականացվող վտանգավոր, սպառնալից ցանկությունները, ինչ որ մարդկանց անձնական և կլանային ցանկությունները: Այդ հարցը մնում է բաց: Միաժամանակ անկասկած է, որ մարդիկ, ովքեր դիմել են համայն հայությանը այդ կոչով, ի զորու են փակել այդ բաց հարցը և այդպիսով գործնականում ձևավորել այն միջավայրը, նոր միջավայրը, որը լինելու է եղած իրականությունից ուժեղ:
Եվ այս իմաստով, կոչին թերևս պետք է հաջորդի գլոբալ օրինակը, գլոբալ, բայց միաժամանակ խիստ կոնկրետ որևէ օրինակ, ուժեղ որևէ օրինակ, որը միաժամանակ կլինի նաև գլոբալ հայերի ապագայի այսօրվա լոկոմոտիվը: Առանց դրա Հայաստանը շարունակելու է ծառայել ընդամենը «պրիմիտիվ» հայերի հարստացման գործին, որի դեմ անզոր է լինելու ցանկացած բարի ցանկություն և գլոբալ միտք:









































