ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Facebook-ի իր էջում հայտարարել է, որ Երևանի հասարակական տրանսպորտի ոլորտում փոփոխությունների անհրաժեշտություն կա: Իր ցավակցությունն արտահայտելով Երևանի Արցախի փողոցում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի զոհերի հարազատներին ու մերձավորներին, նա գրել է.
«Կարծում եմ` անվտանգ երթևեկությունը և պատշաճ մակարդակի հասարակական տրանսպորտը իսկապես կարևոր խնդիրներ են, որոնց պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնել: Ես տեղյակ եմ, որ Երևանի քաղաքապետի ուշադրության կենտրոնում է հասարակական տրանսպորտի ոլորտը, և կարծում եմ, որ դրական արդյունքները առաջիկայում տեսանելի կլինեն:
Բայց, միաժամանակ, փոփոխություն է պետք այս ամենին առնչվող բոլոր մարդկանց հոգեբանության մեջ` ուղևորից մինչև վարորդ, երթուղին շահագործողից մինչև երթևեկությունը վերահսկող, ավելի շատ սրտացավություն և պատասխանատվություն»:
Աբրահամյանը նաև նշել է. «Պատրաստ եմ քննարկել այս խնդիրների լուծմանն օրենսդրորեն աջակցելու ողջամիտ առաջարկները և աջակցել դրանց իրագործմանը»:







































