«90 թ.-ից սկսած՝ հորինում էին ինչ-որ բաներ, անունը դնում էին ծրագիր. առաջին անգամ նորանկախ Հայաստանի պատմության մեջ նման փաստաթղթից լուրջ ծրագրի հոտ է գալիս,- նոր կառավարության նեկայացրած ծրագրի վերաբերյալ «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ասաց կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը: -Մինչ այս փաստաթուղթը, գրեթե բոլոր կառավարությունների և քաղաքական ուժերի ծրագրերը, որ ես նայել եմ, դրանք թամադաների ձեռնարկ էին՝ բաժակաճառերի տեսքով»:
Կառավարման փորձագետի խոսքով՝ ծրագրում նշված են միջոցառումներ և հստակ ժամկետներ, ընդ որում՝ բավականին սեղմ: Հ. Մեսրոբյանի գնահատմամբ` երկրորդ մասը բավականին հաջող է, այնտեղ նշվում է նաև բանակի մասին. բանակը այն գործոնն է, որ չպետք է բեռ դառնա, այլ պետքէ լինի խթնաիչ: Մեսրոբյանի դիտարկմամբ՝ համակարգաստեղծ գործոններ կարող են հանդիսանալ «Նաիրիտ»-ի վերագործարկումը, ատոմային էներգետիկային զարկ տալը, և Հյուսիս- Հարավ ավտոմայրուղու և Իրան- Հայաստան երկաթուղու կառուցումը. «Ախմախ ծախսեր թող չանեն, կոռուպցիայի դեմ պայքարեն, և այս ամենի համար փող կլինի: Մենք պետք է ոչ թե տարբեր գերտերությունների փեշի տակ մտնենք, այլ պետք է դառնանք կարևոր գործոն, մեր աշխարհագրական դիրքը նպաստավոր է նման պրոյեկտների համար»:
Մեսրոբյանի դիտարկմամբ՝ ծրագրում ներառված ֆինանսական-տնտեսական հանցագործությունը քրեականացնելու վերաբերյալ դրույթը լավն է, բայց թերի է. «Որպեսզի հայ ազգը իրոք ոգևորվի, հավատա, որ շանս կա հայությանը և Հայաստանը ոտքի կանգնեցնելու, պետք է պարտադիր հարց մտցվի արդեն կատարված տնտեսական և ֆինանսական հանցագործությունների բացահայտման և օրենսդրորեն պատժելու վերաբերյալ. ժողովուրդը դա ուզում է»:
Կառավարման փորձագետի գնահատմամբ՝ կարևոր է, որ նոր ծրագրի համաձայն՝ խթանվում է հավելյալ արժեքի ստեղծումը. «Օլիգարխները հերիք չի օլիգարխ են, ներկրման մենաշնորհ ունեն, տեղի արտադրողին էլ «խեղդում» են: Ավելացված արժեք ստեղծողի և արտահանողի գործունեությունը խթանելը կարևոր է: Մենք հնարավորություն կունենանք առևտրային դեֆիցիտը մինուս մի քանի միլիարդից դրական սալդո դարձնել: Սա նշանակում է, որ կկարողանանք ավելի արդյունավետ սպասարկել պետության պարտքը»:
Հ. Մեսրոբյանի խոսքով՝ ծրագրում մի քանի տեղ հստակ նշված է՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, իսկ դա, ըստ կառավարման փորձագետի, նշանակում է, որ ավտոմատ կերպով «ոչ մի թիզ» հող սկսզբունքը դառնում է ռազմավարություն:
Մանրամասները՝ տեսանյութում:










































