Եվրամիությունը նախատեսում է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և նրա մերձավորների նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանել: Այս մասին ուրբաթ օրը հայտարարել են Ֆրանսիայի, Գերմանիայի և Լեհաստանի արտաքին գործերի նախարարները:
«Մենք ուժեղացնելու ենք ճնշումը բելառուսական ռեժիմի նկատմամբ այնքան ժամանակ, քանի դեռ այն չի փոխել իր կուրսը», ասել է Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին իր գերմանացի և ֆրանսիացի գործընկերների հետ բանակցություններից հետո:
Նա պարզաբանել է, որ հետագա ճնշումը նախատեսում է «հստակ կետային պատժամիջոցներ կոնկրետ ընկերությունների դեմ, այլ ոչ թե էմբարգո ընդհանրապես»: Այդպիսով, եվրոպացիները փորձում են դժվարացնել այն ընկերությունների գործունեության հնարավորությունները, որոնք համագործակցում են ռեժիմի հետ:
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ալեն Ժյուպեն հայտարարել է, որ նոր պատժամիջոցների հարցը կքննարկվի առաջիկա երկուշաբթի օրը ԵՄ արտաքին գործերի նախարարների կողմից:







































