Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը ելույթ է ունեցել ԵԽԽՎ այսօրվա լիագումար նիստում: Այս մասին հայտնել է լրատվամիջոցի եվրոպական թղթակիցը:
Խոսելով Եվրոպայի Խորհրդի անդամ երկրներում մարդու իրավունքների շուրջ տիրող իրավիճակի մասին՝ Շտայնմայերն անդրադարձել է այդ երկրների հակամարտություններին:
«Խոսելով Եվրոպայի տիրույթում մարդու իրավունքների մասին՝ մենք չպետք է մոռանանք այդ տարածքների հակամարտությունների մասին:
Խոսելով հակամարտությունների մասին՝ ես նկատի չունեմ միայն Ուկրաինան ու Ղրիմի բռնակցումը: Ես խոսում եմ նաև Հարավային Օսիայի, Աբխազիայի, Մերձդնեստրի ու Լեռնային Ղարաբաղի հակամարտությունների մասին: Մեր մայրցամաքում մարդու իրավունքներին հետևելու տեսանկյունից չպետք է լինեն «գորշ գոտիներ» և «սև խոռոչներ»:
Այդ առումով ԵԽԽՎ-ն խաղում է հարթակի դեր՝ մեր ժամանակների առավել սուր խնդիրների քաղաքական քննարկումների համար»,- հայտարարել է Գերմանիայի արտգործնախարարը:











































