ԱՄՆ-ը 2016 ֆինանսական տարում, որն ավարտվել է սեպտեմբերի 30-ին, ընդունել է 84 995 փախստականի 79 երկրից։ Այս մասին հայտնում է պետդեպի մամլո ծառայությունը։
Հաղորդվում է, որ այդ փախստականների ավելի քան 70 տոկոսը 5 երկրից են եղել՝ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն, Սիրիա, Մյանմար, Իրաք և Սոմալի։ ԱՄՆ կողմից ընթացիկ տարում ընդունված փախստականների ավելի քան 72 տոկոսը կանայք ու երեխաներ են։
Հաշվետու ժամանակահատվածում ամենից շատ փախստականներ ընդունել են 5 նահանգներ՝ Կալիֆոռնիան, Տեխասը, Նյու Յորքը, Միչիգանն ու Օհայոն։ 2017 թվականին ԱՄՆ-ը ծրագրում է իր տարածքում տեղակայել 110 հազար փախստականի, ինչը կլինի 57 տոկոսով ավելի, քան 2015-ին։
Հաղորդվում է, որ փախստականներն անցնում են խիստ ստուգում, որում ներգրավված է ԱՄՆ ազգային անվտանգության նախարարությունը, Հետաքննությունների դաշնային բյուրոն, Պենտագոնը, հետախուզական գերատեսչությունները։









































