NBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Իրանի նախագահ Հասան Ռուհանին հայտարարել է, որ ԱՄՆ նախագահի թեկնածուներ Դոնալդ Թրամփը (Հանրապետական կուսակցություն) և Հիլարի Քլինթոնը (Դեմոկրատական կուսակցություն) իրավասու են իրենց կարծիքը հայտնել միջազգային քաղաքականության ցանկացած այժմեական հարցի վերաբերյալ, սակայն Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագիրը ենթակա չէ վերանայման:
«Թեկնածուները ազատ են թեմայի ընտրության հարցում, որը նրանց կարծիքով՝ լավագույնս հարմար է իրենց ընտրարշավին: Սակայն ոչ ոք չի կարող ասել, որ չի ճանաչում (միջազգային) համաձայնագիրը և ցանկանում է վերանայել այն»,- նկատել է Ռուհանին:
Հաղորդվում է, որ Ռուհանիի այս խոսքերն առաջին հերթին հասցեագրված են Թրամփին, ով քանիցս խոստացել է ԱՄՆ նախագահի պաշտոնում ընտրվելու դեպքում բանակցություններ սկսել Գործողությունների համապարփակ համատեղ ծրագրի վերանայման վերաբերյալ: Նրա խոսքով՝ այդ ծրագիրը միջուկային Հոլոքոստն է:











































