Իրանական Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի գերագույն ղեկավար և հոգևոր առաջնորդ, այաթոլլահ Ալի Խամենեին կիրակի հանդիպել է Իսլամական հեղափոխության պահակազորի հրամանատարության հետ:
Հանդիպման ժամանակ Խամենեին հայտարարել է, որ տարածաշրջանային խնդիրների շուրջ ԱՄՆ-ի հետ բանակցություններն անօգուտ և վնասակար են. «Ամերիկացիները պնդում են, որպեսզի մենք նրանց հետ բանակցենք Արևմտյան Ասիայի խնդիրների և հատկապես Սիրիայի, Իրաքի, Լիբանանի ու Եմենի խնդիրների շուրջ: Ո՞րն է այդ պահանջների իրական նպատակը: Նրանք (ամերիկացիները) չունեն որևէ այլ նպատակ՝ բացառությամբ Իրանի ազդեցությունը սահմանափակելու, որը տարածաշրջանում ամերիկյան ձախողումների հիմնական պատճառն է:
Մենք (Իրանի հանդեպ) ԱՄՆ-ի հերթական թշնամության մեջ համոզվելու հնարավորությունն ունեցել ենք միջուկային խնդրի շուրջ բանակցություններում և ամբողջովին կորցրել ենք ամերիկյան կողմի հանդեպ վստահությունը:
Տարածաշրջանային հարցերի շուրջ ԱՄՆ-ի հետ բանակցությունները ոչ միայն պարզապես անօգուտ են, այլև վնասակար: Ես այդ թեման քննարկել եմ երկրի բարձրագույն ղեկավարության հետ, և որևէ առարկության չեղավ այդ հարցում»:










































