Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին և ԵՄ ընդլայնման ու հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը սեպտեմբերի 9-ին համատեղ այցելելու են Թուրքիա՝ քննարկելու համար ռազմական հեղաշրջման փորձից հետո Թուրքիայի հետ ԵՄ-ի հետագա հարաբերությունները։
Մոգերինին այդ մասին հայտարարել է ԵՄ անդամ երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպման արդյունքներով:
«Մենք հանձնակատար Հանի հետ հաջորդ ուրբաթ այցելելու ենք Անկարա՝ բարձր մակարդակի քաղաքական երկխոսության նոր փուլ անցկացնելու և պետական հեղաշրջման փորձից հետո երկկողմ հարաբերությունների ապագան քննարկելու համար, որը ԵՄ-ն կտրականապես դատապարտել է»,- ասել է նա։
Մոգերինին հայտնել է, որ ԵՄ անդամ երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակներում այժմեական բոլոր հարցերի շուրջ բաց և ազնիվ քննարկում է ունեցել Թուրքիայի՝ Եվրամիության հարցերով նախարար Օմեր Չելիքի հետ։
Մոգերինին Թուրքիային կոչ է արել մտածել մահապատիժը ներդնելու խնդրի մասին, որը լուրջ մտահոգություն է առաջացնում ԵՄ-ում։ Մոգերինին չի պատասխանել լրագրողների այն հարցին, թե ԵՄ-ն երբ կվերացնի Թուրքիայի քաղաքացիների համար գործող վիզային ռեժիմը։











































