Թուրքական Cumhuriyet թերթի փոխանցմամբ՝ Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը, մեկնաբանելով Սիրիայի հյուսիսում Թուրքիայի զինված ուժերի ձեռնարկած «Եփրատի վահան» գործողությունը, հայտարարել է, որ Թուրքիան իրավասու է պաշտպանել իր սահմանը։
Շտայնմայերն այդ հայտարարությունն արել է Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ԵՄ-ի երկրների արտգործնախարարների երկօրյա գագաթնաժողովի ժամանակ։
Նա դրա հետ մեկտեղ հայտարարել է, որ անհրաժեշտ է խուսափել Սիրիայի տարածքում տևական ռազմական գործողություն իրականացնելուց։ Շտայնմայերի խոսքով՝ Սիրիայի հյուսիսում Թուրքիայի ձեռնարկած գործողությունն ընթանում է արդեն 11 օր, և Թուրքիան, որպես թիրախ, ընտրել է YPG-ին (Սիրիայի քրդեր)։
Շտայնմայերը հավելել է, որ Թուրքիան վերջին շրջանում սկսել է ռազմական ավելի ակտիվ դեր խաղալ Սիրիայում՝ ընդգծելով, որ Սիրիայի ճգնաժամը պետք է կարգավորվի բանակցային ճանապարհով։








































