Հետաքննությունների Դաշնային բյուրոն հրապարակել է նախկին պետքարտուղար, ներկայումս Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի հարցաքննության խմբագրված տարբերակը՝ կապված պետական ծառայությունում անձնական էլեկտրոնային փոստը օգտագործելու հետ: Այս մասին հայտնում է BBC-ն:
Հարցաքննությունը տեղի է ունեցել հուլիսին: Ինչպես հայտնել է Քլինթոնի ընտրարշավի շտաբի մամլո ծառայությունը՝ ՀԴԲ-ի հետ զրույցը նախկին պետքարտուղարի համար եղել է կամավոր հիմունքներով:
Հրապարակված 58-էջանոց փաստաթուղթը, որից որոշ հատվածներ նախապես լրջորեն խմբագրված են եղել, ներառում է Քլինթոնի հարցազրույցը և նրա անձնական փոստային սերվերի տեղադրման մանրամասները:
ՀԴԲ-ի նյութերի համաձայն՝ Քլինթոնը խոստովանել է, որ «բաց թույլտվություն չի խնդրել՝ օգտագործելու համար անձնական սերվերը կամ անձնական օգտահաշիվը», սակայն պետդեպի անդամները տեղյակ են եղել այդ մասին. «չէ՞ որ դա ակնհայտ է եղել նրանց համար, որոնց հետ նա նամակներ է փոխանակել»:








































