Հնարավոր է, որ C վիտամինի ընդունումը ընդունակ է ավելի արդյունավետ դարձնելու լեյկոզի որոշ տարատեսակներով տառապող մարդկանց բուժումը: Այդպիսի եզրակացության են հանգել դանիացի և ամերիկացի գիտնականները, հայտնում է գիտական նորությունների դանիական videnskab.dk համացանցային պորտալը:
Պորտալի տեղեկատվությամբ՝ այն բանից հետո, երբ լաբորատոր հետազոտությունները ցույց են տվել հեռանկարային արդյունք, որոշվել է Կոպենհագենի Ազգային հիվանդանոցում կատարել նոր մեթոդի կլինիկական փորձարկում:
«C վիտամինի փոքր չափաքանակը օգնում է գործարկելու քաղցկեղային բջիջների ինքնաոչնչացման ներկառուցված մեխանիզմը, դրանք ոչնչանում են ավելի շատ: Դա հիմք է տալիս հուսալու, որ մահացու հիվանդության բուժումը կդառնա ավելի արդյունավետ և հեշտ»,- ասել է հետազոտության հեղինակ Քրիստեն Գրյոնբեկը:
Գիտնականների աշխատանքին կարելի է ծանոթանալ Proceedings of the National Academy of Sciences առաջատար գիտական ամսագրում:






































