«Այսօր գիտելիքի օրն է, տոն է կրթության, վերափոխման, լույսի, ապագայի մասին երազելու, և բոլորիս համար ճանապարհները բացում է կրթությունը: Մենք կրթվում ենք, որովհետև հավատում ենք, որ այդ ճանապարհով կիրականանան մեր երազաքները, ձգտումները: Մենք գիտելիքահեն կրթություն կառուցելու ճանապարհին ենք: Այսօր լուրջ փոփոխություններ են տեղի ունենում հանրակրթության ոլորտում», այս մասին այսօր «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ասաց «Այբ» կրթահամալիրի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տեր Մեսրոպ քահանա Արամյանը:
Նա տեղեկացրեց, որ շուտով կհայտարարվի մրցույթ և կընտրվեն դպրոցներ, որտեղ կիրականացվի միջազգայնորեն ճանաչված կրթական ծրագիրը. «Մենք մտադիր ենք մի ամբողջ գերազանցության ցանց կերտել՝ հիմնված «Այբ» դպրոցի ձեռքբերումների վրա: Վստահ եմ, որ դա էապես բարձրացնելու է կրթության որակը: Զուգահեռաբար պետական կրթական համակարգն է գնում ռեֆորմների, և կլինեն արդյունքներ»:
Տեր Մեսրոպ քահանա Արամյանը հավաստիացրեց, որ «Այբ» ավագ դպրոց ընդունվում են քննություն հանձնելով, և կարևոր չէ ծնողների վճարունակությունը: «Հավասար հնարավորություններ տալու համար անընդհատ դրամահավաքի մեջ ենք»,- նշեց «Այբ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը:
Մանրամասները՝ տեսանյութում:






































