Երկու քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Նոնիտո Դոնեյրը հայտարարել էր, որ ինքը չի կարող ռևանշ-մենամարտ անցկացնել աշխարհի նախկին չեմպիոն, 37-ամյա բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանի հետ:
Հիմա Դոնեյրը կշռում է մոտ 63.5 կգ: Ֆիլիպինցի բռնցքամարտիկը դեռ պետք է վիրահատության ենթարկվի, որից հետո, ամենայն հավանականությամբ, կկարողանա մենամարտել առաջին կիսաթեթև քաշային կարգում: Իմանալով այդ մասին՝ Վիկը կտրուկ արտահայտություններ է արել Դոնեյրի հասցեին:
«Կարևոր չէ՝ ինչ արտահայտություններ ես անում քաշի հետ կապված: Այսպես թե այնպես, սպանելու եմ քեզ: Մի՛ օգտագործիր հավելումներ, և քաշի խնդիրներ չեն առաջանա:
Անցել է 6 տարի, ինչ ես քեզնից ռևանշ-մենամարտ անցկացնելու հնարավորություն եմ խնդրել: Այն բանից հետո, երբ քեզ նոկաուտի ենթարկեմ, կմենամարտեմ WBC վարկածով առաջին կիսաթեթև քաշային կարգում աշխարհի չեմպիոնի կոչման համար»,- BoxingScene-ը մեջբերում է Դարչինյանի խոսքերը:












































