Իտալիայի թանգարանները կիրակի՝ օգոստոսի 28-ին, 610 հազար եվրո են հավաքել օգոստոսի 24-ին երկրի կենտրոնական մասում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքները վերացնելու համար: Այս մասին հայտնում է TASS գործակալությունը՝ հղում անելով մշակութային ժառանգության և մշակութային գործունեության նախարարությանը:
«610 հազար եվրո հավաքել են միայն պետական թանգարանները՝ փոխանցելով կիրակնօրյա տոմսերի վաճառքից գոյացած ամբողջ հասույթը: Այդ գումարին կավելանա նաև մունիցիպալ, մասնավոր ու կրոնական թանգարանների ավանդը, որոնք աջակցություն են հայտնել նախարարության նախաձեռնությանը»,- ասված է գերատեսչության հայտարարության մեջ:
Օգոստոսի 28-ին Իտալիայի թանգարաններ է այցելել ավելի քան 70 հազար մարդ, որոնք արձագանքել են տարերքի հարվածից տուժածներին օգնելու մշակութային ժառանգության, մշակութային գործունեության և զբոսաշրջության նախարար Դարիո Ֆրանչեսկինիի կոչին: Բոլոր միջոցները կօգտագործվեն երկրաշարժից տուժած գոտիներում մշակութային ժառանգության օբյեկտների վերականգնման համար: Իշխանությունների տվյալներով՝ վնասվել են 900 հուշարձաններ, որից 50-ն ամբողջովին կամ մասնակի քանդվել են:











































