Բոստոնում ձերբակալվել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի տունը լուսանկարած 29-ամյա Վլադիմիր Ռոմանովը: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Կիրակի երեկոյան Բոստոնի ոստիկանության աշխատակիցները մեկնել էին զանգի հետքերով: Զանգը ստացել էին պետդեպի անվտանգության ծառայության ներկայացուցիչերը: Նրանք հայտնել էին անծանոթ տղամարդու մասին, ով մեքենան կանգնեցրել էր «Կայանումն արգելվում է» նշանի ներքո և լուսանկարել Ջոն Քերիի տունը: Պետքարտուղարն այդ ժամանակ տանը չի եղել:
Ձերբակալվածը Բոստոնի բնակիչ, 29-ամյա Վլադիմիր Ռոմանովն է: Նա իրավապահներին հայտնել է, որ լուսանկարներն արել է իր ընկերուհու համար:
Նրա մեքենայում հայտնաբերվել է ալկոհոլի բաց շիշ, ինչպես նաև 3 բջջային հեռախոս, GPS նավիգատոր և ատրճանակ:
Ինչպես ավելի ուշ պարզվել է՝ միջադեպի մեղավորը կասկածվում է նաև խուլիգանության գործով և վերջերս է գրավի դիմաց ազատ արձակվել: Այժմ նրան առաջադրվել են պայմանական ազատ արձակման ռեժիմի խախտման և անսթափ վիճակով մեքենա վարելու մեղադրանքներ:
Ինչպես ITAR-TASS-ին պատմել են Նյու Յորքում ՌԴ-ի գլխավոր հյուպատոսարանում, Ռոմանովը հավանաբար չի հանդիսանում Ռուսաստանի քաղաքացի, քանի որ ամերիկյան ատյանները Ռոմանովի ձերբակալության մասին ռուս դիվանագետներին չեն տեղեկացրել, ինչպես պահանջում է նման դեպքերում գործող միջազգային պրակտիկան:











































