ԱՄՆ-ը փորձել է Իրանին խանգարել ստանալ ռուսական С-300 զենիթա-հրթիռային համալիրները, քանի որ չեն ուզում խոստովանել Իրանի ինքնապաշտպանության իրավունքը: Trend-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՕՊ բազա այցի ընթացքում հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին:
«С-300-ը պաշտպանական, ոչ թե հարձակողական զենք է: Այդուհանդերձ, ԱՄՆ-ը արել է հնարավոր ամեն ինչ՝ Իսլամական Հանրապետությանը դրանից (զենիթային համալիրներից) զրկելու համար»,- ասել է Խամենեին:
«Մենք կանգնած ենք այնպիսի թշնամու դիմաց, որը նույնիսկ չի ընդունում մեր ժողովրդի պաշտպանվելու իրավունքը և, ըստ էության, ասում է. «Դուք պետք է անպաշտպան մնաք, որ մենք կարողանանք հարձակվել ձեզ վրա երբ ցանկանանք»,- ասել է Իրանի գերագույն առաջնորդը: Նրա խոսքով՝ «թշնամին պետք է հասկանա, որ հարձակման դեպքում ուժեղ հակահարված կստանա»:
Հիշեցնենք, որ С-300-ների 5 դիվիզիոնի մատակարարման մասին պայմանագիրը Ռուսաստանի և Իրանի միջև կնքվել է 2007 թվականի վերջին: Գործարքը գնահատվել էր 800 մլն դոլար:
Սակայն այն բանից հետո, ինչ ՄԱԿ-ի ԱԽ-ն 2010 թվականի հունիսին ընդունեց Իրանին սպառազինություն մատակարարելը սահմանափակող թիվ 1929 բանաձևը, Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը 2010 թվականի սեպտեմբերի 22-ին չեղյալ հայտարարեց Իրանին С-300-ների մատակարարման մասին պայմանագիրը՝ չնայած նրան, որ իրանական կողմն արդեն 167 մլն դոլարի կանխավճար էր տվել:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանին C-300 համալիրների մատակարարման վրա դրած արգելքը վերացրել է ապրիլի 13-ին:







































