Անհասկանալի է, որ «Նախախորհրդարանը» քննադատում է բոլոր քաղաքական ուժերին: Այս մասին այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը՝ պատասխանելով այն հարցին, թե հնարավո՞ր է քաղաքական կոնսոլիդացիա «Նախախորհրդարանի» շուրջ և արդյո՞ք «Ժառանգությունը» կմիանա նախաձեռնությանը:
Նա նշեց, որ ողջ կուսակցության անունից խոսել չի կարող, քանի որ այդ հարցը կուսակցությունում չի քննարկվել, բայց իր անձնական տեսակետը հետևյալն է, որ եթե «Ժառանգության» կամ «Նախախորհրդարանի» պատկերացումները համընկնեին քաղաքական պայքարի շարունակության վերաբերյալ, բնականաբար, չէր առաջանա այն ջրբաժանը, որը տեղի ունեցավ ապրիլի իննից հետո: Ուստի Ստեփան Սաֆարյանը կարծում է, որ մոտեցումների տարբերությունն էր պատճառը, որ «Նախախորհրդարանը» ետ քաշվեց «Ժառանգության» պայքարից:
«Հետևաբար այս պահի դրությամբ կարող եմ միայն արձանագրել, որ մեր մոտեցումները չափազանց տարբեր են: Ինձ համար անհասկանալի է, որ «Նախախորհրդարանը», որը ևս քաղաքական որոշակի հոսանք է, քննադատում է բոլոր քաղաքական ուժերին, կամպանիա է տանում նրանց դեմ, հետևաբար նաև չի կարող ակնկալել կուսակցությունների աջակցությունը, որովհետև իր համար քաղաքական կուսակցություններն ընդամենն այս իրավիճակը խորացնող գործիքներն են: Հանրային կոնսոլիդացիա հնարավոր է այն ուժերի հետ, որոնք տարաձայնություններ չունեն, և եթե իհարկե «Նախախորհրդարանը» խնդիր չի տեսնում քաղաքական ուժերի մեջ»,- ասաց նա:








































