Իրանական Shana լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի նավթարդյունաբերության նախարար Բիժան Նամդար Զանգանեհը հայտարարել է, որ Իրանն աջակցելու է նավթարտադրողների բոլոր գործողություններին՝ ուղղված շուկայի հավասարակշռությանը:
Զանգանեհը հավելել է, որ Թեհրանը դրա հետ մեկտեղ նավթի միջազգային շուկաներում իր բաժնեմասը վերականգնելու իրավունք ունի. «Երբ սկսվեց շուկայի գերհագեցման գործընթացը, Իրանում նավթի օրական արդյունահանումը կազմում էր 2.7 միլիոն բարել:
Նա, ով խախտել է շուկայական հավասարակշռությունը՝ մեծացնելով արտադրության ծավալները, պետք է ստանձնի պատասխանատվություն՝ կրճատելով համապատասխան արտադրությունը»:
Ավելի վաղ Զանգանեհը հաստատել էր, որ մասնակցելու է սեպտեմբերին Ալժիրում կայանալիք ՕՊԵԿ-ի ոչ պաշտոնական հանդիպմանը, որում քննարկվելու է նավթարդյունահանման մակարդակի սառեցման հարցը: Իրանցի պաշտոնյաները հայտարարել էին, որ Իրանն այդ քայլին կգնա միայն այն ժամանակ, երբ երկրում նավթի օրական արդյունահանման ծավալը հասնի պատժամիջոցներից առաջ եղած մակարդակին՝ օրական 4-4.2 միլիոն բարելի:






































