Պռոշյանի գյուղապետի ՀՀԿ-ական թեկնածու Արթուր Մուրադյանը գտնվում է իր նախընտրական շտաբում, որտեղ հնչում է բարձր ռաբիս երաժշտություն: Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք իրենց հաղթանակն են տոնում, համակիրներն ասացին, որ առայժմ միայն պատրաստվում են:
Անդրադառնալով Վովա Սահակյանի այն դիտարկմանը, թե ընտրակաշառք են բաժանում՝ Մուրադյանը նշեց, որ նման բան չկա, ինքը նման տեղեկատվության չի տիրապետում, իսկ իր հաղթելու հավանականությունը բավարար է գնահատում. «Նույն հաջողությամբ ես կարող եմ ասել, որ նա է ընտրակաշառք բաժանում»: Վովա Սահակյանի ընտրվելու դեպքում թեկնածուն պատրաստվում է շնորհավորել նրան:
Արթուր Մուրադյանը նշեց, որ եթե ընտրվի գյուղապետ, ավարտին է հասցնելու կիսատ թողնված գործերը՝ սկսելով կրթօջախից. նախ դպրոց կկառուցի, հետո մյուս դպրոցի վերանորոգման հարցերով կզբաղվի: Մանկապարտեզի վերանորոգման հարցով ևս կզբաղվի. կիրականացնի ասֆալտապատման աշխատանքներ, կլուծի գյուղի ոռոգման ջրի հարցը, քանի որ արտերը չորանում են: Ընտրվելու դեպքում կլինի բոլոր պռոշյանցիների գյուղապետը: «Մենք մի գյուղ ենք»,- ասաց նա: Հարցին` արդյոք գյուղում թշնամիներ չունի՞, նա պատասխանեց՝ ոչ:
«Առաջին լրատվական»-ը Արթուր Մուրադյանից հետաքրքրվեց, թե ինչ են արել ընտրության նախորդ օրն իր նախընտրական շտաբում գնդապետներ Վարդան Գաբրիելյանը, Գևորգ Իսրայելյանը և Սերգո Մուրադյանը, ինչին նա պատասխանեց, որ Վարդան Գաբրիելյանն իր ազգականն է, իսկ Գևորգ Իսրայելյանն իր հոր ընկերոջ տղան է, և բացի այդ, նրանք Պռոշյանի բնակիչներ են, և նախընտրական շտաբում նրանց գտնվելը չի նշանակում, թե եկել են ՊՆ-ի կողմից:
Նշենք, որ Պռոշյանի գյուղապետի պաշտոնի համար պայքարում են երեք ինքնաառաջադրված թեկնածուներ՝ Պռոշյան համայնքի ղեկավարի տեղակալ, ՀՅԴ անդամ Վովա Սահակյանը, ՀՀԿ անդամ Արթուր Մուրադյանը և անկուսակցական, «ՀՀ նախագծերի պետական արտագերատեսչական փորձաքննություն» ՓԲԸ–ի գլխավոր մասնագետ Ալեքսան Ալեքսանյանը:
Հիշեցնենք, որ Պռոշյանի նախկին գյուղապետ Հրաչ Մուրադյանն ապրիլի 2-ին գյուղապետարանի դիմաց սպանվել է հրազենից:











































