Գազի թանկացման պատճառով Վանաձորում բոլոր տաքսի-ծառայություններն ավելացրել են ուղեվարձը` 1 կմ-ի գինը100 դրամից դարձնելով 120 դրամ, 1-5 կմ-ինը՝ 600 դրամ: Մասնավոր տաքսու վարորդների հետ զրույցից պարզվեց, որ իրենք ոչ թե կոնկրետ հաշվարկ են արել` գազի գնի փոփոխությամբ պայմանավորված, այլ հետևել են տաքսի-ծառայությունների օրինակին` «ոնց ընդհանուրը, այնպես էլ մենք»:
Հասկանալի չէ նաև տաքսի-ծառայությունների կողմից նոր գնի հաշվարկման սկզբունքը, քանի որ նրանց վարորդներն էլ են ասում, որ գազալցման համար հիմա ավելի են տալիս ընդամենը 200 դրամ, իսկ դրա պատճառով չի կարելի ուղեվարձը բարձրացնել (1 գազալցումը բավականացնում է 670 կմ-ի):
Վանաձորյան տաքսիներից միայն ՖՄ-ն չի թանկացել: Այն պատկանում է Վանաձորի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի պետ, գլխավոր ճարտարապետ Տիգրան Պապանյանի փեսային, իսկ Տիգրան Պապանյանը քաղաքապետ Սամվել Դարբինյանի փեսան է: Տաքսու գինը չի բարձրացել հաճախորդ գրավելու նպատակով` իհարկե, նախապես համաձայնություն ստանալով և շուկայում կարգավորելով այս հարցի հետ կապված խնդիրները:
Մեկ տարի է, ինչ այս տաքսի-ծառայությունը գործում է: Ընդամենը 8 մեքենա ուներ, մնացել են 7-ը: Պատրաստվում են այդ վթարված մեքենան փոխարինել նորով և ավելացնել ևս 4 մեքենա: Մեքենաներից յուրաքանչյուրն օրական միջինը ապահովում է 12 հազար դրամ եկամուտ, այն կարող է հասնել նաև մինչև 20 հազար դրամի: Օրվա 12 հազար դրամ ընդհանուր եկամտից վերցվում է ծախսված գազի գումարը` 2 հազար դրամ, մնացած 10 հազար դրամի 30 տոկոսը վարորդինն է, 70 տոկոսը` տաքսի-ծառայության տնօրենինը: Օրական 350 դրամ էլ վարորդները պարտադիր վճարում են ապահովագրության և ավտոկանգառի համար:










































