ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփն ամրապնդել է իր նախընտրական արշավը՝ դրա ղեկավարությունում նոր նշանակումներ կատարելով, որի նպատակն է նախագահական պայքարում թափ հավաքելը: Այդ պայքարում նա վերջին շաբաթներին ակնհայտորեն հետ է մնում իր մրցակցից՝ դեմոկրատ Հիլարի Քլինթոնից: The Wall Street Journal թերթի հաղորդմամբ՝ արշավի գործադիր տնօրեն է դարձել Breitbart News պահպանողական առցանց-ռեսուրսի ղեկավար Սթիվեն Բենոնը, իսկ մենեջեր՝ Քելիան Քոնուեյը, որը մինչ այդ եղել է Թրամփի և նրա գործընկերոջ՝ փոխնախագահի թեկնածու Մայք Փենսի ավագ խորհրդատուն:
«Ես ուզում եմ հաղթել,- ասել է Թրամփը The Wall Street Journal-ին՝ հայտնելով նոր նշանակումների մասին:- Հենց այդ պատճառով ես հրավիրում եմ (արշավ) այդ ֆանտաստիկ մարդկանց, որոնք գիտեն՝ ինչպես հաղթել և սիրում են հաղթել»:
Թրամփի նախընտրական արշավը դժվարություններ ունի Հանրապետական կուսակցության հուլիսին տեղի ունեցած համագումարից հետո, որում նա պաշտոնապես առաջադրվել է ԱՄՆ նախագահի թեկնածու: Նա սկսել է աջակցություն կորցնել Իրաքում զոհված ամերիկացի մուսուլման զինվորի ծնողների հետ լեզվակռվից և մի շարք արտահայտություններից հետո, թե՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը փաստացի ԴԱԻՇ-ի «հիմնադիրներն» են: Թրամփի այդ վարքն արժանացել է Հանրապետական կուսակցության ազդեցիկ ներկայացուցիչների քննադատությանը, որոնց կարծիքով՝ նա դուրս է եկել թույլատրելիի սահմաններից:







































