«Ալ-Քաիդայի» հետ կապված գրոհայինները Սիրիայում հինգշաբթի սպանել են Սիրիայի ազատ բանակի հրամանատարության ականավոր անդամներից մեկին՝ Քամալ Համամիին: Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը՝ այդ փաստը դարձել է հակակառավարական խմբավորումների շարքերում «ընդլայնվող պառակտման» հերթական ապացույցը:
Սպանությունը կատարվել է, երբ Համամին բանակցությունների է եղել «Իսլամական պետությունը Իրաքում և Լևանտում» խմբավորման հետ:
Նրա սպանությունից հետո ծայրահեղականները զանգահարել են Սիրիայի ազատ բանակ և հայտարարել, որ Համամիից հետո կսպանեն նրա բարձրագույն խորհրդի բոլոր անդամներին: Այս մասին գործակալությանը հայտնել է Սիրիայի ազատ բանակի ներկայացուցիչ Քասեմ Սաադեդինը:











































