Հայկական սպորտի համար պատմական իրադարձություն տեղի ունեցավ Ռիոյում ընթացող 31-րդ ամառային Օլիմպիական խաղերում:
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի 66 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Միհրան Հարությունյանը եզրափակչում ուժերը չափեց սերբ Դավոր Ստեֆանեկի հետ:
Խայտառակ մրցավարության պայմաններում Միհրանը, ով մինչև գոտեմարտի ավարտը հաղթում էր 1:0 հաշվով, արծաթե մեդալ ստացավ: Գոտեմարտի վերջում մրցավարներն իբր պասիվություն նկատեցին մեր ըմբիշի գործողություններում ու միավոր տվեցին Ստեֆանեկին: Գոտեմարտն ավարտվեց 1:1 հաշվով: Քանի որ վերջինը միավոր էր բաժին հասել սերբ ըմբիշին, նա ճանաչվեց չեմպիոն:
Նշենք, որ մինչ այս Հայաստանի Հանրապետության սպորտի պատմության միակ Օլիմպիական չեմպիոնն առայժմ հունահռոմեական ոճի ըմբիշ Արմեն Նազարյանն է, ով հաջողության էր հասել 1996 թվականի Օլիմպիական խաղերում:
Այսպիսով՝ ընթացիկ Օլիմպիական խաղերում Հայաստանը երկրորդ մեդալը նվաճեց և նկատելիորեն կբարելավի դիրքը մեդալների հաշվարկում: Մինչ այս արծաթե մեդալ էր նվաճել ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը:







































