ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանն այսօր Սյունիքի մարզպետարանի աշխատակազմին, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների, քաղաքային համայնքների ղեկավարներին ներկայացրել է նորանշանակ մարզպետ Վահե Հակոբյանին:
ՏԿ նախարարի առաջին տեղակալը շնորհավորել է Վ. Հակոբյանին` պաշտոնը ստանձնելու կապակցությամբ եւ հաջողություն մաղթել հետագա աշխատանքներում: Նա նկատել է, որ Վ. Հակոբյանը նոր մարդ չէ մարզում, որպես այս ընտրատարածքից ընտրված պատգամավոր`քաջատեղյակ է մարզում առկա խնդիրներին եւ վստահություն է հայտնել, որ նա իր աշխատանքային փորձով ու գիտելիքներով կնպաստի մարզի սոցիալ-տնտեսական զարգացմանը եւ առկա խնդիրների լուծմանը:
Վ. Տերտերյանը շնորհակալություն է հայտնել նաեւ Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանին` համատեղ աշխատանքի եւ երկար տարիների համագործակցության համար, ինչպես նաեւ` մինչեւ նոր մարզպետի նշանակումը մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար Արա Դոլունցին` մարզպետարանի արդյունավետ աշխատանքներն ապահովելու համար:







































