Մեքսիկայում սկանդալ է ծագել՝ կապված երկրի նախկին նախագահ Ֆելիպե Կալդերոնի հետ, որը 2007թ. իբր հավանություն է տվել, որ Մեքսիկայի տարածքում տեղադրվեն ԱՄՆ-ի լրտեսական սարքեր: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Excelsior պարբերականի տվյալով՝ խոսքը թմրանյութերի ու կազմակերպված հանցավորության դեմ պայքարի նպատակով համացանցում հաղորդագրությունների ու զանգերի գաղտնալսման մասին է:
Կալդերոնի իշխանության տարիներին Մեքսիկան պատերազմ էր հայտարարել թմրահանցագործության դեմ, որը, ըստ վերջին պաշտոնական տվյալների, արժեցելէ մինչև 70 հազար մարդու կյանք:
Լրտեսական սարքերն իբր Մեքսիկա են ներկրվել այդ երկրի Հետաքննությունների դաշնային գործակալության ու Մեքսիկայի դատախազության թույլտվությամբ:
Երկրի առաջատար քաղաքական ուժերի ներկայացուցիչները արդեն հայտարարել են հետաքննության անցկացման անհրաժեշտության մասին, որը պետք է ճշտի ԱՄՆ-ի ու Մեքսիկայի միջև պայմանավորվածության հանգամանքները:











































