Եգիպտոսի երիտասարդական շարժումների մեծամասնությունը, ինչպես նաև «Մուսուլման եղբայրներն» այսօր մերժել են ժամանակավոր նախագահ Ադլի Մանսուրի սահմանադրական հռչակագիրը, որը նախագահի համար ամրագրում է սահմանադրական լիազորություններ և որոշում է խորհրդարանական ու նախագահական ընտրությունների գրաֆիկը:
«Թամարուդ» շարժման կարծիքով, որը հանդես է եկել հուլիսի 3-ին իշխանությունից նախագահ Մուհամմեդ Մուրսիի հեռացման նախաձեռնությամբ, հռչակագիրը, որն օժտել է Մանսուրին օրենսդրական իշխանությամբ, «քայլ է դեպի երկրում նոր բռնատիրություն»:
«Թամարուդը», ինչպես նաև «Հունիսի 30-ի ճակատը» և «Ապրիլի 6-ի շարժումը» ցանկանում են փոփոխություններ մտցնել հռչակագրում: Նախագահի ներկայացուցիչները հաղորդել են, որ իրենք պատրաստ են մի շարք փոփոխություններ կատարել փաստաթղթում՝ այն համաձայնեցնելով գլխավոր քաղաքական ուժերի հետ:









































