Էլեկտրոնիկայի մանրածախ վաճառք իրականացնող Maplin խանութների ցանցը Մեծ Բրիտանիայում սկսել է տնային օգտագործման համար նախատեսված առաջին եռաչափ տպիչների վաճառքը: Velleman K8200 սարքը, որով կարելի է տպել ցանկացած առարկա, 700 ֆունտով այսօրվանից հասանելի է: Այս մասին հայտնում է The Telegraph-ը:
Պարբերականը նշում է, որ եթե կորցրել եք շախմատի քարը, ապա կարող եք տպել նորը: Բջջայինի պատյան տպագրելու համար կպահանջվի 30 րոպե: Որևէ առարկա տպելու համար նախ պետք է այն համակարգչով մոդելավորել:
Տպագրությունն իրականացվում է 0.5 մմ հաստության պլաստիկ շերտի վրա, որի դետալներից էլ պատրաստվում է ցանկալի օբյեկտը:
Maplin-ի կոմերցիոն տնօրենը հույս է հայտնել, որ եռաչափ տպիչը կարող է որոշ երեխաների համար ավելի լավ զբաղմունք լինել, քան համակարգչային խաղերը:







































