Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում Թաթուլ Պողոսյանի նախագահությամբ ընթանում է Մասիս քաղաքի 26-ամյա բնակիչ Սամվել Բուդուրյանի գործի դատավարությունը:
Առաջադրված մեղադրանքի համաձայն՝ Սամվել Բուդուրյանը Արտյոմ Մխիթարյանի նկատմամբ ունեցած անբարյացակամ վերաբերմունքի պատճառով նպատակադրվել է նրան վնաս տալ՝ ոչնչացնելով նրա «Մերսեդես» ավտոմեքենան:
Գործով չպարզված անձի հանցակցությամբ Բուդուրյանը ապօրինի կերպով ձեռք է բերել պայթուցիկ սարք և 2012 թվականի հուլիսի 21-ին տեղադրել «Ինտերնեյշնլ Մասիս տաբակ» ՍՊԸ վարչության շենքի հանդիպակաց մայթի ավտոկայանատեղիում կանգնած «Մերսեդես» ավտոմեքենայի բեռնախցիկի տակ:
Այնուհետև, ըստ մեղադրանքի, Բուդուրյանը հանրային վտանգ ներկայացնող եղանակով պայթեցրել է մեքենան: Պայթյունի արդյունքում ամբողջովին այրվել են Արտյոմ Մխիթարյանի ավտոմեքենան, ինչպես նաև նույն կայանատեղիում կանգնած ևս երեք մեքենաներ:
Պայթյունի և դրանից առաջացած հրդեհի պատճառով ընդհանուր առմամբ, ըստ քրեական գործի, պատճառվել է 9 միլիոն 621 հազար դրամի գույքային վնաս:
Նախկինում դատված, դատվածությունը չմարված Սամվել Բուդուրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 185 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 235 հոդվածի 1-ին մասով:
Բուդուրյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Գործի դատական քննությունն ընթանում է 2013 թվականի հունիսի 5-ից:










































