Թուրքիայում իշխանության մարմինների զանգվածային զտումների ընթացքում, որը սկսվել է պետական հեղաշրջման անհաջող փորձից հետո, ձերբակալվել է Սահմանադրական դատարանի երկու անդամ։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Երկու դատավորներին՝ դատական մարմիններում աշխատող 113 պաշտոնատար անձանց թվում, ձերբակալել են հուլիսի 20-ին։
Ձերբակալվել է նաև գեներալ Ալի Յազըջը, որը 2015 թվականի օգոստոսից զբաղեցրել է հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր զինվորական խորհրդականի պաշտոնը։
Հեղաշրջման փորձի պահից մինչ օրս արդեն մոտ 60 հազար զինծառայողներ, ոստիկաններ, դատավորներ, պաշտոնյաներ և ուսուցիչներ են հեռացվել պարտականությունների կատարումից, բերման ենթարկվել կամ գտնվում են քննության ներքո։
Վերջին տվյալներով՝ հեղաշրջման փորձի ժամանակ զոհվել է 208 մարդ, որից 60-ը՝ ոստիկան, 3-ը՝ զինվոր և 145 քաղաքացիական անձ։







































