Վրաստանը կարծում է, որ ռուսական անձնագիր ունեցող ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյեն, որը երկուշաբթի այցելել է Աբխազիայի մայրաքաղաք Սուխում, խախտել է «շրջափակված տարածքների մասին» օրենքը: Ինչպես հաղորդում է Interfax-ը, այս մասին հայտարարել է վերաինտեգրման հարցերով պետական նախարարի տեղակալ Քեթևան Ցիխելաշվիլին:
«Մենք կարծում ենք՝ նա չգիտի, թե ինչ է տեղի ունենում Աբխազիայում: Դրա հետ մեկտեղ նա խախտել է շրջափակված տարածքների մասին օրենքը, ինչը պատժելի է»,- ասել է Ցիխելաշվիլին:
Նշենք, որ երկուշաբթի օրը Ժերար Դեպարդյեն այցելել է Սուխում, որտեղ նրան ընդունել է Աբխազիայի նախագահ Ալեքսանդր Անկվաբը: Դերասանը նշել է Աբխազիայի բնության յուրահատուկ լինելը և հավելել, որ այստեղ առկա են զբոսաշրջության զարգացման բոլոր հնարավորությունները:










































