ԱՄՆ իշխանությունները, ամենայն հավանականությամբ, Հիլարի Քլինթոնին չեն առաջադրի քրեական մեղադրանք այն բանի համար, որ նա պետքարտուղարի պաշտոնում (2009-2013) անձնական համակարգչային ծառայությունը օգտագործել է էլեկտրոնային փոստով ծառայողական նամակագրության համար: Այս մասին երկուշաբթի հայտնել է ամերիկյան CNN հեռուստաալիքը:
Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի փաստացի թեկնածու Քլինթոնին հուլիսի 2-ին Վաշինգտոնում կանչել են Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) շտաբ-բնակարան՝ հարցաքննության, որը տևել է մոտ 3.5 ժամ:
Հեռուստաալիքի աղբյուրների տվյալներով՝ «ըստ ամենայնի, նրան քրեական մեղադրանք առաջադրելու ոչ մի հիմք չի հայտնաբերվել»: Ինչպես նշել է CNN-ը, հարցաքննությունը «վկայում է, որ այդ հարցով հետաքննությունը մոտենում է ավարտին»:
Հեռուստաալիքի տվյալներով՝ այն մասին, որ Քլինթոնին չեն սպառնում քրեական մեղադրանքներ, պաշտոնապես պետք է հայտարարվի 2 շաբաթվա ընթացքում:









































