Ռուսական Inosmi կայքի փոխանցմամբ, ԱՄՆ Կոնգրեսը նախապատրաստում է մի բանաձև, որն առնչվում է Վրաստանի տարածքից ռուսական զորքերի դուրսբերմանը: Կոնգրեսականներն արդեն փաստաթղթերը հանձնել են Սենատին, և երկրի օրենսդիր մարմինը պատրաստ է քվեարկել Վրաստանի ապաօկուպացման օգտին:
Այսինքն` նա պատրաստ է Ռուսաստանը ճանաչել որպես հակամարտող կողմ, ինչը կամրապնդի այդ հակամարտության միջազգային հնչեղությունը:
«Կովկասյան առաջին տեղեկատվական» հեռուստաալիքի ներկայացուցիչ Անաստասիա Խոնյակինան նշում է. «Վրացական տարածքի ամբողջականությունը հանդիսանում է պաշտոնական Թբիլիսիի իրական «ամերիկյան երազանքը», ինչի համար էլ վրացական տարածքների օկուպացման ճանաչման հերթական փաստը Վրաստանում ձեռքբերում են համարում:
Միևնույն ժամանակ, հզոր ԱՄՆ-ը դեռևս անզոր է Սաակաշվիլիի հետ երկխոսություն սկսելու վերաբերյալ Մեդվեդևի ցանկությունը ստանալու հարցում:
Վերլուծաբանների կարծիքով՝ Մեդվեդևի այդ դիրքորոշումը պայմանավորված է նրանով, որ նա ցանկանում է խնդիրը «սառեցված» վիճակում պահել մինչև 2014 թվականը Սոչիում կայանալիք օլիմպիական խաղերը, որպեսզի դրանով իսկ կայունություն հաստատի իր իսկ կողմից ապակայունացված տարածաշրջանում:
Դրանից հետո Ռուսաստանն ինքը երկխոսության կգնա:
Կրեմլի գլխավոր հոգեբանական արգելքը Միխեիլ Սաակաշվիլիի անձն է, որը պետք է նախագահական աթոռին հրաժեշտ տա 2013 թվականի ընտրություններից հետո: Իսկ Ռուսաստանի բյուջեն օլիմպիական խաղերից հետ կնվազի, և Ռուսաստանը ստիպված կլինի տնտեսել օտար հողերում իր ծախսերը»:
Հիշեցնենք, որ 2010 թվականի հոկտեմբերին ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, իսկ նոյեմբերին Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը Ռուսաստանին կոչ արեցին զորքերը դուրս բերել Վրաստանի տարածքից: