Երևանի քաղաքապետարանում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացվել են հուլիսի 1-ից մայրաքաղաքում վճարովի ավտոկայանատեղիներ կազմակերպելու գործընթացի մանրամասները:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ ծառայությունը մատուցող «Փարկինգ Սիթի Սերվիս» ընկերության տնօրեն Վազգեն Հարությունյանը նշել է, որ ներկայում մայրաքաղաքի փողոցներում կարմիր գծանշումներով առանձնացվում են վճարովի ավտոկայանատեղիների տարածքները, տեղադրվում են ճանապարհային երթևեկության համապատասխան նշաններ, տեղեկատվական ցուցանակներ: Տվյալ հատվածները կկահավորվեն նաև ժամանակակից տեսանկարահանող սարքավորումներով, որոնց միջոցով էլ կվերահսկվեն տվյալ տարածքները: Կայանատեղիների վերահսկողությունը կիրականացվի նաև շրջիկ մեքենաների միջոցով, որոնք նույնպես կահավորված են տեսախցիկներով: Նշված կայանատեղիներում կայանման դիմաց գումար չի գանձվում մինչև 5 րոպե տևողությամբ կանգառ կատարելու դեպքում:
Երևանի ավագանու որոշմամբ 2013թ.-ին նշված կայանատեղիներում 5 րոպեից ավելի մինչև մեկ ժամ կանգնելու դեպքում վճարման չափը կազմում է 100, մեկ օրվա համար 500, մեկ շաբաթվա համար 1000, մեկ ամսվա համար 2000 դրամ, մեկ տարվա համար՝ 12000 դրամ: Ի դեպ, երեկոյան ժամը 24:00-ից մինչև առավոտյան ժամը 9:00-ն կայանելու համար գումար չի գանձվի:
Վճարումները կատարվելու են բացառապես անկանխիկ եղանակով, նաև՝ SMS հաղորդագրության միջոցով: Կարճ հաղորդագրության դեպքում մեկ ժամվա կամ մեկ օրվա համար համապատասխանաբար անհրաժեշտ է հավաքել 1045 և 5045 համարները`տեքստում նշելով տրանսպորտային միջոցի լատինատառ պետհամարանիշը՝ առանց միջակայքի: Վարորդը պատասխան հաղորդագրությամբ կտեղեկացվի կայանման ժամի և ավարտի մասին: Վճարումներ հնարավոր կլինի կատարել նաև բանկերում, վճարահաշվարկային կազմակերպությունների, տերմինալների, կամ սպասարկող կազմակերպության էլեկտրոնային կայքի միջոցով: Բոլոր դեպքերում վճարման նպատակ դաշտում պարտադիր պայման է լինելու պետհամարանիշի ամրագրումը: Կայանման դիմաց չվճարելն առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով: Այդ մասին մեքենայի սեփականատերը կծանուցվի փոստի միջոցով:
Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը նշել է, որ այս փուլում առայժմ կարգավորվում է գլխավոր և երկրորդական փողոցների բանուկ մասերում ավտոկայանատեղիների կազմակերպումը: Հենրիկ Նավասարդյանն ընդգծել է, որ այսուհետ թևկապներով հսկիչները վարորդներից գումար գանձելու իրավունք չունեն: Երևանի քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետ Զավեն Առաքելյանն էլ ընդգծել է, որ «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» ՀՀ օրենքը կիրառվելու է Երևան համայնքի սեփականություն հանդիսացող փողոցներում և հրապարակներում: Բակային, մշակութային, կրթական օջախների, պետական և համայնքային կառավարչական հիմնարկների տարածքներում օրենքը չի գործում:
Երևան քաղաքի ճանապարհային ոստիկանության պետ Արսեն Արշակյանն էլ հավելել է, որ առևտրային գործունեություն ծավալող ընկերությունների հարակից տարածքները համայնքապատկան են և նույնպես կարգավորվում են տվյալ օրենքով, ընդգծելով սակայն, որ վճարովի կանգառների տարածքներում ևս վարորդները պարտավոր են պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները, ի մասնավորի`կանգառ կատարել գծանշմանը համապատասխան: Արգելվում է նաև կանգառ կատարել կայանատեղիին հարակից 2-րդ երթևեկելի գոտում, հակառակ դեպքում վարչական պատասխանատվությունն անխուսափելի է:
Վճարովի ավտոկայանատեղերի հսկողության ավտոմատացման և ավտոկայանատեղերի տուրքի անկանխիկ հավաքագրման հիմնական իմաստը մայրաքաղաքում ավտոկայանատեղիների քաղաքակիրթ գործունեության ծավալումն է: Հաշվի առնելով օրենքի իրազեկման համար անհրաժեշտ ժամանակահատվածը և նաև կայանատեղիները տեխնիկապես լիարժեք հագեցնելու անհրաժեշտությունը՝ քաղաքացիներից մեկ ամիս ժամկետով որևէ տույժ կամ տուգանք չի գանձվելու:









































