Ռուսաստանի ՊՆ-ում հայտարարել են, որ հրադադարին միացած սիրիական բնակավայրերի թիվը հասել է 170-ի՝ փոխանցում է RIA Novosti-ն։
«Մեկ օրվա ընթացքում հաշտության մասին համաձայնագիր է կնքվել Հոմս նահանգի մեկ բնակավայրի հետ։ Հաշտեցման գործընթացին միացած բնակավայրերի թիվը հասել է 170-ի»,- հայտնել են ռուսական պաշտպանական գերատեսչությունում։
Նշվում է նաև, որ շարունակվում են բանակցությունները Դամասկոս, Հոմս և Համա նահանգներում զինված ընդդիմության ջոկատների դաշտային հրամանատարների հետ ռազմական գործողությունների դադարեցման ռեժիմին միանալու շուրջ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բարաք Օբաման ռուսական իշխանություններին առաջարկել է Սիրիայի հարցով նոր համաձայնություն, որը կխորացնի երկու երկրների ռազմական համագործակցությունն ընդդեմ ահաբեկիչների՝ այն բանից դիմաց, որ Ռուսաստանը ստիպի Սիրիայի նախագահ Բաշար Ասադի զինվորներին դադարել ավիահարվածներ հասցնել ԱՄՆ-ի կողմից աջակցվող ապստամբներին։











































